AM
10 Հունիս 2015 - 08:55 AMT

15 մլն դրամ՝ Ջերմուկում մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար. Գործադիրը կողմ է

ՀՀ կառավարությունը հունիսի 10-ի նիստում որոշում է ընդունել, որի համաձայն Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով 2015 թվականի երկրորդ եռամսյակում կհատկացվի 15 մլն դրամ: Գումարը կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2015-ի պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2014-ին Կառավարությունը նույն նպատակով գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել էր 4 մլն 576.3 հազ. դրամ:

«Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը: Տուրիզմի գոտիներում կարևորվում է հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է միջավայրում միջատների, այդ թվում՝ մոծակների դեմ պայքարի կազմակերպումը»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ: