Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեպ Էրդողանը, որը բավականին ազդեցիկ է իշխանական կառույցներում, հայտարարել է, թե կառավարությունը նախատեսում է լուրջ փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ, որոնք, մասնավորապես, կկիրառվեն քաղաքական կուսակցություններին եւ ընտրական համակարգին վերաբերող հոդվածների նկատմամբ: Ինչպես գրում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը, Էրդողանը նպատակ ունի վերացնել թուրքական զինվորականների կողմից քաղաքականության կոշտ վերահսկողությունը, ինչը թույլ է տալիս նրանց սանձի մեջ պահել իսլամիստական կազմակերպություններին: Դատական արգելքի պատճառով պետական պաշտոն չզբաղեցնող Էրդողանի մոտակա նպատակն է նաեւ մի ուղղման ընդունումը, որը թույլ կտա պաշտոններ զբաղեցնել այն անձանց, որոնք բանտային պատիժ են կրել: Այդպիսով, Էրդողանը, վարչապետի աթոռին հասնելու համար, որը դեռեւս զբաղեցնում է նրա զինակից Աբդուլլա Գյուլը, կվերացնի վերջին խոչնդոտը: Ընդ որում թերթը դժվարանում է ասել, թե բանակը որքան թույլ կտա առաջ գնալ Էրդողանին: