AM
11 Հունիս 2015 - 06:21 AMT

Դավութօղլու. ԱԶԿ-ն կոալիցիան վնասակար է համարում Թուրքիայի համար, սակայն ժողովուրդը դա ընտրեց (թարմացված)

Թուրք ժողովուրդն ընտրեց կոալիցիոն կառավարություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Հունիսի 10-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել նախարարների կաբինետի հրաժարականի մասին դիմումը:

Թուրքական TRT-ին տված հարցազրույցում Դավութօղլուն ասել է, թե իրենք մշտապես դեմ են եղել կոալիցիային: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ դա վնաս է Թուրքիայի համար, սակայն ժողովուրդը կոալիցիա ընտրեց»,- ասել է նա, հայտնում է Tert.am-ը:

Վարչապետը նաև նշել է, որ թուրք ժողովրդի կամքը քննարկման ենթակա չէ:

Մինչդեռ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը չի բացառել իր կուսակցության մասնակցությունը կոալիցիոն կառավարության ձևավորմանը խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Ավելի վաղ Դեմիրթաշը հայտարարում էր, որ բացառում է իր կուսակցության աշխատանքը կոալիցիոն կառավարությունում ընտրություններում մեծամասնություն ստացած ԱԶԿ հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ընտրություններին մասնակցում էր նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացել է 256 տեղ 550-ից: Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է նրանցից 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս):

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշն արդեն հայտարարել է, որ բացառում է կոալիցիա ստեղծելու հնարավորությունը ԱԶԿ հետ: Աջերի նախագահ Դեվլեթ Բախչելին չի բացառել կոալիցիայի հնարավորությունը, եթե քրդեր այնտեղ չլինեն: Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին և 78 տեղը խորհրդարանում համարում է մեծ հաղթնակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն էր, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները: