AM
11 Հունիս 2015 - 06:44 AMT

Պուտին. G7-ի հետ հարաբերություններ չկան, բայց Մոսկվան պատրաստ է երկկողմ կապերի «յոթնյակի» երկրների հետ

Ռուսաստանը պատրաստ է երկկողմ հարաբերություններ զարգացնել «յոթնյակի» երկրների հետ, եթե վերջիններս ցանկանան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպումից հետո: Նա նշել է, որ բուն «յոթնյակի» հետ այժմ Ռուսաստանը հարաբերություններ չունի: «Եթե գործընկերնեըը ցանկանան, մենք կզարգացնենք հարաբերությունները «յոթնյակի» անդամ ցանկացած երկրի հետ երկկողմ հիմունքներով»,-ասել է նա:

Պատասխանելով G7 հետ ՌԴ հետ հարաբերությունների մասին հարցին` Պուտինն ասել է. «Մենք չունենք հարաբերություններ G7 հետ: Ինչ հարաբերություններ կարող են լինել»:

Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու դղյակում հունիսի 8-ին աշխատանքն ավարտեց Յոթնյակի խմբի (G7) անդամ պետությունների նախագահների և կառավարության ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որին ՌԴ-ն չէր մասնակցում:

«Երբ մենք աշխատում էինք այդ ձևաչափում, մենք մասնակցում էինք քննարկումներին, փաստաթղթերի նախապատրաստմանը, որոնք պարտադիր բնույթ չեն կրում»,-հիշեցրել է նախագահը: «Դա իմաստ ուներ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք այնտեղ այլընտրանքային տեսակետ էինք ներկայացնում: Մեր գործընկերները որոշեցին, որ իրենք դրա կարիքը չունեն»,-ասել է նա` հավելելով, որ «ցանկացած շփում, ցանկացած քննարկում պետք է օգտակար լինի»: ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել G7 –ին հետագա աշխատանքում, որին Ռուսաստանն այլևս չի մասնակցում: Նա նաշել է, որ G7-ը ոչ թե կազմակերպություն է, այլ «հետաքրքրությունների ակումբ»:

Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի աշխատանքն այլ ձևաչափերում: «Կան ավելի լայն ձևաչափեր, օրինակ, «քսանյակը»,-ասել է նա: Բացի այդ, Մոսկվան ակտիվ աշխատում է ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ, ՄԱԿ և ԱԽ շրջանակներում:

Ինչպես հայտարարեց Անգելա Մերկելը G7-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում, G7-ը պատրաստ է «խստացնել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, եթե իրավիճակը դա անհրաժեշտ դարձնի»:

Նույն կերպ արտահայտվեց նաև Օբաման. «Մեր եվրոպացի գործընկերները հաստատել են, որ ՌԴ դեմ գործող պատժամիջոցները կպահպանվեն մինչ Մինսկի համաձայնությունների կատարումը: Դա նշանակում է, որ հուլիսից հետո գործող պատժամիջոցները կերկարաձգվեն»,-ասել է նա: Բացի այդ, Օբաման նշել է, որ «յոթնյակը» հստակ հասկացրել է, որ եթե «պահանջվի, մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ»: Օբաման, սակայն, չի պարզաբանել, թե ինչ սահմանափակումների մասին կարող է խոսք գնալ:

«Մենք պետք է շարունակենք ճնշումը Ռուսաստանի հանդեպ,-ասել է Օբաման:-Մենք պետք է կոչ անենք Ուկրաինային պահպանել պարտավորությունները»: «Մենք հուսով ենք, որ հետագա քայլեր չեն պահանջվի»,-ասել է Օբաման: Քեմերոնն, իր հերթին վստահություն է հայտնել, որ «գործող պատժամիջոցները պետք է երկարացվեն մինչ Մինսկի համաձայնությունների կատարումը»: Նա նաև նշել է, որ դա «գործողություններ կպահանջի ինչպես Ուկրաինայի կողմից, այնպես էլ ՌԴ կողմից», գրում է ՏԱՍՍ-ը:

Օլանդը նույնպես «պատճառներ չի տեսնում դրանք չեղյալ հայտարարելու համար»:

Չնայած պատժամիջոցային հռետորությանը` G7-ի առաջնորդները մտադիր են շարունակել երկխոսությունը ՌԴ հետ: Օլանդը հիշեցրել է, որ «բացի G7-ից, գոյություն ունի նաև ընդլայնված ձևաչափ` G20: «Ռուսաստանն առանցքային դերակատարում ունի Սիրիայի, Իրանի և Ուկրաինայի շուրջ բանակցություններում»,-պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը: