Տավուշի մարզի կին ֆերմերներին աջակցելու համար դրամահավաք է սկսվել, որի նպատակն է օժանդակել Տավուշում և Վայոց Ձորի մարզերում իրականացվող «Տնտեսական արդարություն» ծրագրին: Ընթացքում հավաքված գումարով հավելյալ ջերմոցներ կկառուցվեն Տավուշի մարզի 4 կոոպերատիվի համար՝ Գետահովիտում, Դիտավանում, Այգեհովիտում և Սարիգյուղում:
2010-ին Oxfam ընկերությունը Տավուշի գյուղական համայնքների կենսապայմանները բարելավելու ծրագիր մեկնարկեց մանր ֆերմերային տնտեսություններին աջակցելու համար` «Տնտեսական արդարություն»-ը, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց խնդիրներին: Նպատակն էր տնտեսական հնարավորությունները զարգացնելու միջոցով կայուն ապրուստ ապահովել:
Ծրագրի շրջանակում Տավուշի մարզում արդեն 18 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ է հիմնադրվել (որոնցից 3-ը կանանց կոոպերատիվ են), կառուցվել և շահագործման են հանձնվել մրգի և բանջարեղենի վերամշակման 2 արտադրամաս, միրգ-բանջարեղենի մթերման սառնարանային 4 համալիր, կառուցվել 21 ջերմոցային տնտեսություն:

Ծրագրի ընթացքում գյուղացիները վերապատրաստվել են` սովորելով, ինչպես զարգացնել համայնքն ու այն կայուն տնտեսական միավոր դարձնել: Այժմ կանայք կազմում են այս կոոպերատիվների անդամների 70%-ը: Նախաձեռնողների համոզմամբ, նրանք կարող են ավելին անել իրենց և իրենց համայնքների համար, պարզապես անհրաժեշտ են համապատասխան գործիքներ և հնարավորություններ: Այդ նպատակով ONEArmenia (1A) ընկերությունն օգնում է Oxfam-ին` կառուցելու հավելյալ ջերմոցներ, որոնք կավելացնեն կոոպերատիվների արտադրանքի ծավալը և սոցիալական ազդեցությունը 50%-ով:
Օգնել կին ֆերմերներին կարող են բոլոր ցանկացողները:






