Նոր երաժշտական սթրիմինգային Apple Music ծառայությունը կարող է շատ մեծ մրցակցություն ստեղծել շուկայում աշխատող մյուս ընկերությունների համար: Դրանցից մեկը հայտնի շվեդական Spotify երաժշտական ծառայությունն է: Մրցակցությունն ամերիկյան հսկայի հետ կարող է լուրջ խնդիրներ հարուցել ընկերության համար:
Սակայն Spotify-ի հիմնադիր Դենիել Էքը զարմանալիորեն հանգիստ, նույնիսկ, կարելի է ասել անտարբեր արձագանքեց: Նա նշեց, որ շուկան բավականաչափ մեծ է մի քանի խաղացողների համար և ամենևին էլ պարտադիր չէ թիվ մեկը լինել: «Ինձ միանգամայն բավարարում է լավագույն եռյակում լինելը»,-ասել է նա` պատասխանելով նոր և լուրջ մրցակցի հայտնվելու մասին հարցին:
Թեև փորձագետներից շատերը վստահ են, որ Spotify-ն, այնուամենայնիվ, որոշակի միջոցներ է ձեռնարկում, որոնք կoգնեն ծառայությանն արժանի մրցակից լինել Apple Music-ի համար: Մասնավորապես, համարվում է, որ հենց այդ նպատակով է ծառայությունը 115 մլն դոլար ներգրավել TeliaSonera ընկերությունից և գործընկերային հարաբերություններ հաստատել նրա հետ:
Նոր երաժշտական սթրիմինգային Apple Music ծառայությունն օրերս ներկայացվեց մշակողների Apple WWDC կոնֆերանսում: Ծառայության կատալոգը ներառում է մոտ 30 մլն կոմպոզիցիա: Բացի այդ, Apple Music-ի շրջանակում օգտատերը կարող է երաժշտություն լսել սեփական iTunes գրադարանից: Ծառայությունում հասանելի է նորույթներով կամ օգտատերի ճաշակով կազմված երաժշտության «ցանկը»: Ծառայությունն ինտեգրված է նաև Siri ձայնային որոնման հետ․ օրինակ, օգտատերը կարող է խնդրել Apple Music-ին վերարտադրել նախորդ ամռան կոմպոզիցիաները կամ 1994 թ. դեկտեմբերին չարթերը գլխավորած երգը: