AM
16 Հունիս 2015 - 08:34 AMT

Քրդերը հետ են մղել ԻՊ ուժերին Թուրքիային սահմանակից ռազմավարական քաղաքից. Թուրքերը մտահոգված են

Քրդերի Ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատները (YPG) հայտարարել են, որ հետ են մղել «Իսլամական պետության» գրոհայիններին ռազմավարական նշանակության սիրիական Թել Աբիադ քաղաքից, որը սահմանակից է Թուրքիային: Այդ մասին հունիսի 15-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը: Տեղեկատվությունը քաղաքի գրավման մասին հաստատել է Reuters-ի լուսանկարիչը, որը գտնվում էր իրադարձությունների վայրում: Բացի այդ, քրդերին, ըստ նախնական տվյալների, հաջողվել է փակել Թել Աբիադ-Ռաքքա ռազմավարության նշանակության մայրուղին:

Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի, քուրդ աշխարհազորայինները նաև գրավել են սահմանամերձ տերմինալը Սիրիայի տարածքում` փախուստի մատնելով ԻՊ գրոհայիններին; Այժմ իսլամիտսները հանձնվում են թուրք զինվորականներին: YPG մարտիկները շարժվում են դեպի խալիֆայության խորքը Կոբանիի ապաշրջափակումից հետո: Թել Աբիադը ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար: Քրդերը, վերահսկելով քաղաքը, կարող են միավորել ուժերը Սիրիայում և Իրաքում: Թել Աբիադի անկումով ԻՊ ռազմավարական հենակետ Ռաքքան կտրվում է մատակարարման ուղիներից, հայտնում է Լենտա.ռու-ն:

ԱՄՆ-նում բարձր գնահատեցին քրդերի հաջողությունները: Թուրքիայի նախագահն իր հերթին մտահոգություն հայտնեց YPG առաջխաղացման վերաբերյալ` հայտարարելով, որ դա կարող է «հանգեցնել թուրքական սահմանների անվտանգությանը սպառնացող կառույցի ստեղծման»: Անկարան մտավախություն ունի, որ YPG շարքերում ԻՊ դեմ մարտնչող թուրքաբնակ քրդերը զենքը Թուրքիայի դեմ կուղղեն:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին: