Եվրամիության երկրները հակառուսական պատժամիջոցների և Մոսկվայի պատասխան քայլերի պատճառով կարող են զրկվել 100 մլրդ եվրոյից և ավելի քան 2 մլն աշխատատեղից, հայտնել է Die Welt թերթը Ավստրիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Wifo) ուսումնասիրության վրա հղումով:
Ըստ Wifo գնահատականի, բոլորից շատ կտուժի Գերմանիան: Եթե վիճակը չփոխվի, առաջիկա տարիներին տնտեսությունը կարող է անկում ապրել 1 տոկոսային կետով: Իտալիան կկորցնի մոտ 200 հազար աշխատատեղ և 0,9 տոկոսային կետ, Ֆրանսիան` 0,9 տոկոսային կետ և մոտ 150 հազար աշխատատեղ:
Ինչպես գրել է պարբերականը, Եվրահանձնաժողովն իր հերթին հակառուսական պատժամիջոցների հետևանքները գնահատում է որպես «հարաբերականորեն աննշան և հաղթահարելի», հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտարարեց Անգելա Մերկելը G7-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում, G7-ը պատրաստ է «խստացնել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, եթե իրավիճակը դա անհրաժեշտ դարձնի»:
Նույն կերպ արտահայտվեց նաև Օբաման. «Մեր եվրոպացի գործընկերները հաստատել են, որ ՌԴ դեմ գործող պատժամիջոցները կպահպանվեն մինչ Մինսկի համաձայնությունների կատարումը: Դա նշանակում է, որ հուլիսից հետո գործող պատժամիջոցները կերկարաձգվեն»,-ասել է նա: Բացի այդ, Օբաման նշել է, որ «յոթնյակը» հստակ հասկացրել է, որ եթե «պահանջվի, մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ»: Օբաման, սակայն, չի պարզաբանել, թե ինչ սահմանափակումների մասին կարող է խոսք գնալ:
«Մենք պետք է շարունակենք ճնշումը Ռուսաստանի հանդեպ,-ասել է Օբաման:-Մենք պետք է կոչ անենք Ուկրաինային պահպանել պարտավորությունները»: «Մենք հուսով ենք, որ հետագա քայլեր չեն պահանջվի»,-ասել է Օբաման: Քեմերոնն, իր հերթին վստահություն է հայտնել, որ «գործող պատժամիջոցները պետք է երկարացվեն մինչ Մինսկի համաձայնությունների կատարումը»: Նա նաև նշել է, որ դա «գործողություններ կպահանջի ինչպես Ուկրաինայի կողմից, այնպես էլ ՌԴ կողմից», գրում է ՏԱՍՍ-ը:
Օլանդը նույնպես «պատճառներ չի տեսնում դրանք չեղյալ հայտարարելու համար»:
Չնայած պատժամիջոցային հռետորությանը` G7-ի առաջնորդները մտադիր են շարունակել երկխոսությունը ՌԴ հետ:






