AM
19 Հունիս 2015 - 11:41 AMT

ԵՎրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամը վերածվել է Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի

Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎրԱզԷՍ) Հակաճգնաժամային հիմնադրամը հունիսի 15-ին վերանվանվել է Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի` ԿԶԵՀ:

Ինչպես ասվում է հիմնադրամի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, ֆինանսական և ներդրումային վարկավորումից բացի հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել նաև անդամ պետություններին դրամաշնորհների հատկացման համար:

Համապատասխան որոշումները կայացվել էին 2014-ի հուլիսի 2-ին հիմնադրամի խորհրդի նիստում և պահանջում էին ներպետական ընթացակարգեր անդամ պետություններում` Հիմնադրամի փաստաթղթերում փոփոխություններ կատարելու համար:

Եվրասիական զարգացման բանկը, որպես հիմնադրամի միջոցների կառավարիչ, հայտնում է ընթացակարգերի հաջող ավարտի մասին:

Հայաստանում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն վավերացումից հետո: Հիմնադրամի վերանվանումը պայմանավորված էր ԵվրԱզԷՍ-ի լուծարմամբ Եվրասիական տնտեսական միության կազմավորման պատճառով: Հիմնադրամի քարտուղարության գործառույթներն ըստ Արձանագրութունների ԵվրԱզԷՍ Ինտեգրացիոն կոմիտեից անցնում են Եվրասիական զարգացման բանկին, իսկ դեպոզիտարիումինը` ՌԴ ԱԳՆ-ին:

Հիմնադրամի նոր անվանումը լիովին արտահայտում է հիմնադրամի գործունեության հայեցակարգն ու ուղղությունները, իսկ դրամաշնորհների տրամադրումը պատասխան է անդամ պետությունների պահանջարկին: Դրանք կտրամադրվեն հիմնադրամի զուտ շահույթի հաշվին` սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորման համար:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ-ի հունվարին: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից պետություններ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը, Տաջիկստանը, Հայաստանը և Ղրղզստանը:

8,5 մլրդ կապիտալով ԵվրԱսԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը 2009 թ. ստեղծեցին Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հիմնադրամի ստեղծման նպատակն է աջակցել անդամ երկրներին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման գործում, ապահովել նրանց տնտեսական և ֆինանսական կայունությունը, նպաստել ինտեգրացիոն գործընթացներին: