Վանաձորի բժշկական նոր համալիրի շինարարական աշխատանքների ավարտից հետո Համաշխարհային բանկն այն կհագեցնի բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Արդյունքում Վանաձորում կգործի բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոն` ախտորոշիչ լայն հնարավորություններով, ժամանակակից վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով:
2013-ին ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է $35 մլն-ի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար: Այն կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին ուղղված մոր և մանկան առողջության պահպանմանը և առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը և վարմանը, ինչպես նաև Հայաստանի առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը:
Հունիսի 19-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է բժշկական համալիրի շինհրապարակ ու մանրամասն ծանոթացել շինարարության ընթացքին, զրուցել կառուցողների հետ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հենց շինհրապարակում քննարկվել են բժշկական կենտրոնի սարքավորումներով և կահույքով հագեցման ժամկետները։
Լոռու մարզի և Վանաձորի բնակչությունը երկրորդային և երրորդային բժշկական ծառայություններ կստանա տեղում:
Համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։






