Հայաստանը դուրս է մնացել Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերից, ինչը անապահովության զգացում է առաջ բերում և խախտում կայունությունը: Այս մասին հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի նիստում հայտարարել է Լոնդոնի Քինգզ քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ հավելելով, որ տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտություն կա:
Ջերմանը կարևորել է տարածաշրջանի երկրների գործակցությունն էներգետիկ անվտանգությանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում՝ շեշտելով, որ էներգետիկ անվտանգությունը սերտորեն առնչվում է ազգային անվտանգության խնդիրների հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հունիսի 18-ին Երևանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որն անցնում է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» կարգախոսով: Առաջին նիստում ելույթ ունեցան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՆԱՏՕ ԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահ Պաոլո Ալլին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Սեմինարի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցեր, «Իսլամական պետության» վերելքը Մերձավոր Արևելքում և ազդեցությունը հայկական սփյուռքի վրա, միջնորդության դերը ղարաբաղյան կարագվորման հարցում, ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, փակ սահմանները, Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում և այլ թեմաներ:Այս տարի սեմինարի մասնակիցների թիվն աննախադեպ է: Ադրբեջանը չի մասնակցում սեմինարին:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ ԽՎ-ի նախկին նախագահ Հյու Բեյլին նշել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի համար և գործակցությունը Հայաստանի հետ բխում է երկկողմ հետաքրքրություններից: Բեյլիի խոսքով՝ Հայաստանն աշխարհաքաղաքական և աշխարհագրական տեսանկյունից չի կարող միայն ԵՄ-ով հետաքրքրված լինել և սխալ է ՀՀ-ին դնել երկընտրանքի առջև՝ կամ Բրյուսել, կամ Մոսկվա. «Պետք է գտնել ճանապարհ հարաբերությունները համակողմանի զարգացնելու ուղղությամբ»:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն իր ելույթում փաստել է, որ էներգետիկան ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Անդրադառնալով բնական գազի ենթակառուցվածքների զարգացմանը՝ փոխնախարարը նշել է, որ կապիտալ նորոգումներ պետք է իրականացվեն՝ բնական գազի պահեստարանները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:
Գալստյանի համոզմամբ՝ տարածաշրջանային գործակցությունն ու ինտեգրումը Հայաստանի էներգետիկայի զարգացման կարևոր խնդիրներից է: Ներկայացնելով տարածաշրջանային գործակցության վիճակագրական տվյալները՝ նա նշել է, որ հարևան Թուրքիայի հետ ևս էլեկտրաէներգիայի ոլորտում ակնկալվում է հարաբերությունների հաստատում:
E-cube ՀԿ-ի նախագահ Արա Մարջանյանը կարևորել է Հայաստանում արդիական տարիֆային համակարգի մշակումը, հասարակական էլեկտրատրանսպորտի ինտեգրացված համակարգի ստեղծումը, ինչը, նրա կարծիքով, Հայաստանի համար կունենա ռազմավարական նշանակություն: Նրա համոզմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում հասանելի էլեկտրաէներգիա ունենալու և ներկրումային կախվածությունը մեղմելու միակ իրական լուծումը Դեբեդ և Արաքս գետերի վրա նոր ՀԷԿ-երի կառուցումն է, ինչպես նաև՝ Որոտանի կասկադի ՀԷԿ-ի չորրորդ ՀԷԿ-ի և Հայաստանում հիդրոկուտակիչ կայանի կառուցումը:
Իր ելույթում Մարջանյանը համոզմունք է հայտնել, որ անվտանգությունն ու էներգետիկան տարածաշրջանի ներկան պայմանավորող և ապագան կերտող կարևոր գործոններից են: Ոլորտի զարգացման համատեքստում նա լրջագույն խնդիր է համարել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, որի հետևանքով ՀՀ-ն զգալի կորուստներ է կրում:
Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի ներկայացուցիչները հետաքրքրված էին ոլորտում տարածաշրջանային գործակցության, իրականացվող ծրագրերի, արտադրվող և ներմուծվող էներգետիկայի խնդիրներով, որոնց վերաբերյալ զեկուցողներն իրենց դիտարկումներն են ներկայացրել:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը խոսել է քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի մասին, մասնավորապես՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում: Նա հակամարտության կարգավորման հարցում խաղաղության հասնելու անհնարինությունը պայմանավորել է քաղաքական իրավիճակով, քաղաքական կամքի բացակայությամբ և ազգերի միջև փոխվստահության ցածր մակարդակով:
ԼԻՆՔՍ-ի տնօրեն Դենիս Սամութը նշել է, որ տարածաշրջանի երեք երկիրը վերջին տասնամյակում ունեցել են պատմական ընդհանուր անցյալ և կարողացել են ժամանակի ընթացքում փոխազդել միմյանց վրա: Նա ներկայացրել է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում քաղաքական գործընթացների զարգացման վերջին միտումները, խոսել է տարածաշրջանային հակամարտություններից, ընտրական գործընթացներից, սահմանադրական բարեփոխումներից:
Ամփոփելով Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը՝ ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին: Պատվիրակության ղեկավարը փաստել է, որ Հայաստանը ջանքեր է գործադրելու՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ գործակցությունը խորացնելու համար: Նա նաև փաստել է, որ եթե Ադրբեջանի պատվիրակությունը իրականությանը չհամապատասխանող պնդումներ ներկայացնի կամ վեհաժողովի փաստաթղթերում ԼՂ-ին կամ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող ոչ օբյեկտիվ հարցադրումներ հնչեն, ապա Հայաստանի վարքագիծը լինելու է անփոփոխ. շարունակելու է պաշտպանել իր շահերը:
Գործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan – IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին:






