Հունիսի 20-ին՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումի ավարտին, առաջին անգամ մրցանակաբաշխություն է անցկացվել, որի ընթացքում տարբեր անվանակարգերում «Դիջիբիզնես» մրցանակը շնորհվել է ոչ ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ ՏՏ լուծումներ են կիրառում: Արդյունքում «Տարվա նորարար ընկերություն» անվանակարգում հաղթել է Ամերիաբանկը:
Մրցանակաբաշխության նպատակն է շահագրգռել տեխնոլոգիաներ ներդնող ընկերություններին և ներկայացնել դրանք հասարակությանը: Կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր (ԻՏՁՄ):
Մրցանակները հանձնել են ԻՏՁՄ վարչության անդամներն ու ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Այն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի մեկնարկել էր հունիսի 19-ին: «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող տեխնոլոգիական ֆորումն անցկացվել է ՀՀ վարչապետի աջակցութամբ: Դրա նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:
Այս տարի ֆորումին մասնակցել են հայաստանյան ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերություններ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ, որոնք մոտ 70-ն էին: Բիզնես ֆորումը ներառում էր ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ: