AM
25 Հունիս 2015 - 08:21 AMT

ԱՄՆ-ն ժխտում է Ֆրանսիայի նախագահներին լրտեսելու փաստը

Միացյալ Նահանգները չեն լրտեսել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Մենք նպատակ չենք դրել գաղտնալսելու նախագահ Օլանդին, մենք չենք կարող թիրախ դարձնել բարեկամներին, ինչպիսին նախագահ Օլանդն է, մենք չենք զբաղվում արտաքին հետախուզմամբ, եթե չկան ազգային անվտանգության նկատառումներով պայմանավորված կոնկրետ պատճառներ, որոնց մասին այս դեպքում ես չգիտեմ»,-ասել է Քերին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օլանդի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ Վաշինգտոնը չի գաղտնալսել և չի գաղտնալսելու Ֆրանսիայի նախագահի խոսակցությունները, հայտնում է Lenta.ru-ն:

WikiLeaks կայքը սկսել է հրապարակել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերը, որոնք վերաբերում են ֆրանսիացի պաշտոնյաների գաղտնալսումներին, ասվում է WikiLeaks-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հրապարակվող փաստաթղթերը վերաբերում են վերջին 10 տարիներին: Պարզվել է, որ ամերիկացիները լրտեսել են Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակին (1995-2007), Նիկոլյա Սարկոզիին (2007-2012), ինչպես նաև գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը ստանձնել է պաշտոնը 2012-ին: Բացի այդ, լրտեսել են Ելիսեյան պալատի պաշտոնյաներին, նախարարներին և ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանին, հայտնում է Lenta.ru-ն:

Փաստաթղթերում ներկայացված են գաղտնալսված խոսակցությունների ռեզյումեները: Ֆրանսիայի ղեկավարությանը հետաքրքրել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հունական պարտքային ճգնաժամը, Եվրամիության ղեկավարությունն ու ապագան, Օլանդի վարչակազմի ու Անգելա Մերկելի գլխավորած ԳԴՀ կառավարության հարաբերությունները, Փարիզի մասնակցությունը Պաղեստինի հակամարտությանը և վեճը Ֆրանսիայի ու ԱՄՆ կառավարությունների միջև Ֆրանսիայի հանդեպ ԱՄՆ լրտեսության վերաբերյալ:

Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Օլանդն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարեց: «Խորհուրդը պետք է գնահատի հրապարակված տեղեկատվության բնույթն ու համապատասխան եզրահանգումներ անի»,-ասել է աղբյուրը Օլանդի շրջապատում:

Նախկին նախագահ Սարկոզիի մերձավոր շրջանակներում հայտարարել են, որ «լրտեսությունն անթույլատրելի է, առավել ևս դաշնակիցների միջև»:

2013-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ԱԱԳ և ԿՀՎ-ն աշխատում են Գերմանիայի տարածքում և գաղտնալսում են այդ թվում նաև Անգելա Մերկելի հեռախոսազրույցները: Գաղտնալսման փաստի մասին 2013-ին հայտնեց ԱԱԳ և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնուոդենը: 2014-ի մարտին Բունդեսթագը որոշում կայացրեց Գերմանիայի տարածքում ԱԱԳ գործունեության հետաքննության մասին:

2014-ամռանը Գերմանիայի դատախազությունը հայտնեց BND աշխատակցի ձերբակալության մասին օտարերկրյա պետության օգտին լրտեսության կասկածանքով: Գործակալությունը, հատուկ ծառայություններում ու քաղաքական շրջանակներում աղբյուրների վրա հղումով, հայտնեց, որ գործակալը փողի դիմաց ԱՄՆ-ի կապավորին էր փոխանցել Բունդեսթագի հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվությունն ու փաստաթղթերը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գործակցությունը Բեռլինի ու Վաշինգտոնի միջև կասկածի տակ կդրվի, եթե ԱՄՆ օգտին լրտեսող կրկնակի գործակալի մասին տեղեկատվությունը հաստատվի: