2014-ին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա ամենամեծ խնդիրը համակարգային կոռուպցիան է եղել և կառավարման ոչ պատշաճ թափանցիկությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի աշխարհում մարդու իրավունքների մասին զեկույցում:
Ինչպես ասվում է զեկույցում. «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2014-ին Հայաստանում ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ համակարգային կոռուպցիան և կառավարման ոչ բավարար թափանցիկությունը, արդարադատության համակարգի սահմանափակ անկախությունը և այն, որ քաղաքացիները կառավարությունը փոխելու բավարար հնարավորություն չունեն»:
Ըստ զեկույցի, «Հայաստանի գործադիր իշխանությունը շարունակում է ճնշում գործադրել դատարանների վրա, 2014-ին բավականաչափ կասկածելի մահվան դեպքեր են գրանցվել բանակում, եղել են նաև բռնության դրսևորումներ նորակոչիկների հանդեպ»:
Զեկույցում ասվում է, որ Հայաստանի ոստիկանությունը շարունակում է խոշտանգումներ և ծեծ կիրառել հարցաքննությունների ժամանակ` խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Իսկ իշխանությունները ոչ ոքի պատասխանատվության չենթարկեցին 2008 թ. նախագահական ընտրություններից հետո 8 քաղաքացիական անձանց և 2 ոստիկանների սպանության համար: Չնայած, որ ՀՀ օրենսդրության մեջ ամրագրված է անմեղության կանխավարկածը, իշխանությունները չեն հարգում այդ օրենքը, ասվում է զեկույցում:
Հայաստանում բազում մարդկ կարող են քննադատել իշխանություններին, ասվում է զեկույցում: Սակայն, հեղինակները հիշեցնում են նաև հարձակումների մասին քաղաքական և հասարակական ակտիվիստների և ընդդիմադիր պատգամավորի վրա 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին: Զեկույցում հիշատակվում է նաև ոստիկանության պետի տեղակալի սպառնալիքը` նախագահի դեմ խոսողի «ականջները կտրելու» մասին:
Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, զեկույցում ասվում է, որ ի տարբերություն ինտերնետ պարբերականների, տպագիր մամուլը, հեռուստա- և ռադիոընկերությունները հիմնականում զրկված են եղել տարբեր քաղաքական կարծիքներ ներկայացնելու հնարավորությունից:
«Չնայած, որ կառավարությունը հիմնականում հարգել է ազատ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը, ՀՀ իշխանությունները ժամանակ առ ժամանակ քայլեր են ձեռնարկել խոչընդոտելու համար, իսկ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել»,-ասվում է զեկույցում:
Ադրբեջանին վերաբերող մասում նշվում է, որ 2014-ին սրվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Հետո բառացի կրկնվում է նախորդ տարվա զեկույցի ձևակերպումը. «անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի մերձակա 7 շրջանները, որի հետևանքով 600 հազար մարդ շարունակում է մնալ բռնի տեղահանվածի կարգավիճակում»:
Ըստ զեկույցի, Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է դատական համակարգն այլախոհներին պատժելու համար: Կիրառվում են չարտոնված, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալություններ, հայտնում է Armeia Today-ը:






