ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի շտապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում: Այս մասին Քերրին ասել է Վիեննայում, որտեղ ընթանում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի մասնակցությամբ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտնել է, որ շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը, սակայն եթե կարևոր պատմական, քաղաքական որոշումներ չկայացվեն առաջիկա ժամերին, համաձայնագիր չի լինի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որպեսզի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սպառազինության էմբարգոն որքան հնարավոր է շուտ վերացվի՝ որպես միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքի մի մաս: Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով, սպառազինության էմբարգոյի վերացումը կօգնի Իրանին պայքարել ահաբեկչության դեմ:
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջև բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:
Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5% հարստացմամբ, վերացնել մինչև 20% հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:
2014-ի դեկտեմբերին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա: Շվեյցարիայի կառավարությունն արդեն կասեցրել է Իրանի հետ արժեքավոր մետաղների առևտրի արգելանքը:
«ԱՄՆ-ն համաձայնությունը կկնքի միայն այն դեպքում, եթե տրվի երեք հարցի պատասխան: Առաջինը՝ եթե համաձայնությունն երաշխավորի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ: Երկրորդը՝ կկարողանա արդյոք Թեհրանը համոզել աշխարհին, որ իր միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակներ է հետապնդում: Եվ երրորդը՝ կունենա արդյոք ԱՄՆ-ն բավարար ժամանակ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, եթե Իրանն այնուամենայնիվ փորձի ատոմային ռումբ ստեղծել», – հայտարարել էր Քերին 2014-ի մարտին:
Մինչդեռ, Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին Իրանն ու Ռուսաստանը առաջընթաց են գրանցել «նավթ ապրանքի դիմաց» սկզբունքով գործարքի հարցում, որի ծավալը, ըստ որոշ աղբյուրների, կարող է $20 մլրդ-ի հասնել: Գործարքը թույլ կտա Թեհրանին զգալիորեն ավելացնել էներգառեսուրսների արտահանումը՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները: ԱՄՆ-ն հայտարարել է, որ համաձայնությունը լուրջ մտահոգություն է առաջացնում և անհամատեղելի է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ, որ վարում են համաշխարհային տերություններն ու Իրանը:






