Հուլիսի 11-ին Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության կողմից վարկատուներին ներկայացրած առաջարկին: Խորհրդարանը նաև լիազորել է կառավարությանը բանակցություններ տանել վարկային երրորդ ծրագրով համաձայնության գալու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 5-ին Հունաստանում հանրաքվե էր, որի արդյունքում հույների 61 %-ը պատասխանել է «ոչ» հարցին, թե արդյոք հարկավոր է ընդունել հունիսի 25-ին երկրի երեք խոշոր վարկատուի՝ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած համաձայնագիրը:
Հանրաքվեից անմիջապես հետո Հունաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են վերսկսել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները և չեն բացառում համաձայնության գալ: Հունաստանի վարչապետի խոսքով՝ հույների «խիզախ ընտրությունը» բարելավել է բանակցություններում Աթենքի դիրքերը:
Հուլիսի 8-ին Հունաստանը պաշտոնական դիմում է ուղարկել Եվրոպական կայունացման մեխանիզմին (ESM)՝ նոր վարկ ստանալու ակնկալիքով:
Կառավարությունն առաջարկել է պարտատերերին արմատական բարեփոխումների ծրագիր՝ ուղղված ֆինանսական առողջացմանը` վարկատուների կողմից զիջումների և մինչև 2018-ի կեսերը €53.5 մլրդ-ի ֆինանսավորման դիմաց:
Մինչդեռ, կապիտալի արտահոսքը Հունաստանից, չնայած դրա շարժի բոլոր սահմանափակումներին, աճել է մինչև օրական €100 մլն: Ըստ որոշ տվյալների, Հունաստանի բանկային համակարգի լիկվիդայնությունը կավարտվի հուլիսի 13-ին՝ փողը պարզապես կվերջանա, The Financial Times-ին հղումով գրում է Tert.am-ը:
Միջազգային վարկատուների հետ համաձայնության չգալու դեպքում Հունաստանը ստիպված կլինի կամ դուրս գալ եվրոգոտուց, կամ հայտարարել բանկային ավանդները «կտրելու» մասին, այսինքն՝ փաստացի ավանդների սեփականատերերից վերցնել միջոցների մի մասը:
Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը զարգացումների հիմնական սցենար է դարձել Raiffeisen Research-ի վերլուծաբանների համար:
«Չնայած հանգամանքին, որ եվրոգոտու որոշ պաշտոնյաներ զգուշացրել էին, թե հանրաքվեի բացասական պատասխանը կվտանգի Հունաստանի անդամակցությունը Եվրագոտուն, բանակցություններն այդ երկրի և վարկատուների միջև, այնուամենայնիվ, կվերսկսվեն: Սակայն, հանրաքվեի արդյունքները համաձայնությունը շատ ավելի բարդ և քիչ հավանական են դարձնում: Դա, իր հերթին, զգալիորեն մեծացնում է Եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը», – ասվում է հաշվետվությունում:
Հունաստանի Եվրագոտուց դուրս գալու դեպքում անհրաժեշտ կլինի երկրի պարտքի մի մասի դուրսգրումը, քանի որ «Հունաստանի արժույքի արժեզրկումը եվրոյի նկատմամբ կլինի անխուսափելի», հայտարարում են վերլուծաբանները:
Հունիսի 29-ին Հունաստանի կառավարությունը հայտարարել էր մինչև հուլիսի 6-ը բանկերի աշխատանքը պաշտոնապես դադարեցնելու մասին, ինչպես նաև բանկերից կանխիկ գումար հանելու ամենօրյա լիմիտը սահմանել €60 մեկ անձի համար:
Այդ քայլն արվեց «Հունաստանի ֆինանսական համակարգն ու տնտեսությունը պաշտպանելու արտակարգ շտապ ու անկանխատեսելի անհրաժեշտությունն է լիկվիդայնության պակասի պատճառով, որը հունիսի 27-ի Եվրախմբի որոշման արդյունքն էր` մերժել Հունաստանին աջակցության ծրագիրը երկարացնելու հարցում», ասվում է որոշման մեջ:
Հունաստանի իշխանությունները մի շարք զիջումների են գնացել:
Մասնավորապես, Աթեքնը համաձայնել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 2022 թ.՝ 2025-ի փոխարեն, ինչպես նախկինում էր ենթադրվում: Հունաստանը նաև որոշել է «փոխարինել» թոշակառուների դրամաշնորհային համակարգը 2 տարով ավելի շուտ` 2018-ին: Մյուս հարցերում Աթենքն ու վարկատուները նախկինի պես հեռու են համաձայնությունից:
Հունաստանն ու վարկատուները արդեն մի քանի ամիս է բանակցում են երկրում բյուջեի տնտեսման ու բարեփոխումների ծրագրի շուրջ: Համաձայնության գալու վերջին ժամկետը հունիսի 30-ն է: Հետո ծրագիրն այլևս չի գործի և մնացած 7,2 մլրդ այլևս չի հատկացվի Հունաստանին: Հունիսի 30-ին Հունաստանը պետք է մարի ԱՄՀ վարկի հերթական մասնաբաժինը:






