AM
11 Հուլիս 2015 - 09:43 AMT

Սևանա լիճ նորից իշխանի մանրաձուկ են բաց թողել. Մինչև տարեվերջ թիվը կհասնի 600.000-ի

Հուլիսի 10-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լճի Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գետի գետաբերանում բաց է թողնվել իշխանի 200.000 մանրաձուկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակում:

ՀՀ կառավարության հունիսի 10-ի նիստում որոշվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով 2015 թվականի երկրորդ եռամսյակում անհատույց տրամադրել 1 մլրդ դրամ: Հունիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց է թողնվել 43.000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ:

Միջոցառմանը հետևել են նաև բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

«Չենք կարող ասել, որ այս քանակությամբ մանրաձուկ բաց թողնելով ամբողջովին խնդիրը լուծում ենք, սակայն հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ», – ասել է բնապահպանության նախարարը: Նրա խոսքով՝ նախատեսվում է նոյեմբերին ևս 370.000 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ, և մինչև տարեվերջ մանրաձկան թիվը կհասնի մոտ 600.000-ի:

Գրիգորյանը նկատել է, որ այդ միջոցառման արդյունքը տեսանելի կլինի մեկ-երկու տարի հետո:

Նախարարը նաև նշել է, որ այսօր գոյություն ունի մեկ խնդիր` որսագողությունը: «Պետք է մեր առաջ խնդիր դնենք` տարածքի ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման խնդիրը, որպեսզի ձկան ձվադրման շրջանում և ընդհանրապես որսագողությունը նվազեցնենք», – ասել է նա:

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Սևանա լճում ձկնապաշարների մոնիթորինգի ընթացքը և բաց թողնվող մանրաձկան որակական ցուցանիշները:

Նախարարի հրամանով ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման վայրերում երեք օր կազմակերպել շուրջօրյա հսկողություն:

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը սահմանում է երկարաժամկետ հատվածում ճյուղի զարգացման համար անհրաժեշտ միասնական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները: Ծրագրի նպատակին հասնելու ուղիներն են. Սևանա լճում մինչև 2023-ը մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայի զարգացում, բնական վերարտադրության պայմանների ստեղծում, Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների լուծմանը: