Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ առավել ընդունելի է կոալիցիան չափավոր պահպանողական Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) և ազգայնական Ազգային շարժում կուսակցության (ԱՇԿ) միջև:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել էր խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ԱԶԿ-ին կառավարություն ձևավորել: Թուրք վարչապետը հուլիսի 13-ին սկսեց կոալիցիոն բանակցությունների առաջին փուլը: Նա հանդիպեց ձախակենտրոն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուի, ազգայնական ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բախչելիի և քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշի հետ:
«Մենք հակված ենք կոալիցիայի Բախչելիի հետ և պայմանավորվել ենք նրա հետ նոր հանդիպման մասին: ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ կուսակցությունը փակել է դուռը կոալիցիոն կառավարությանը մասնակցելու հարցում, չեն համապատասխանում իրականությանը: Նա կրկնել է այն, ինչ ասել էր ընտրություններից հետո»,-հայտարարել էր Դավութօղլուն NTV հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ Բախչելին հայտարարել էր, որ իր կուսակցությունը գերադասում է ընդդիմադիր մնալ: Միևնույն ժամանակ նա չէր բացառել մասնակցությունը կոալիցիոն կառավարության ձևավորմանը որոշ պայմանների պահպանման դեպքում` քրդական խնդրի խաղաղ կարգավորման կասեցում, նախագահի վերադարձ սահմանադրական լիազորությունների շրջանակին, իշխանության բարձրագույն էշելոններում կոռուպցիայի մասին քննության վերսկսում Թուրքիայի գլխավոր դատախազության կողմից:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը չէր բացառել քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության՝ HDP-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: «Ազգայնական շարժում» կուսակցության հետ հուլիսի 14-ի հանդիպումը հաջողությամբ չի ավարտվել և ազգայնականները մերժել են կոալիցիա կազմել Դավութօղլուի գլխավորած կուսակցության հետ: Դրանից հետո վարչապետը հանդիպել է քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի հետ, ինչից հետո հայտարարել է, թե վերջինիս կեցվածքում փոփոխություն է նկատել, գրում է Tert.am-ը՝ թուրքական TRT Haber-ին հղումով:
ԱԶԿ-ն հաղթեց ընտրություններում, սակայն 2002 թ. առաջին անգամ կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում և չի կարող միայնակ կառավարություն ձևավորել: Թուրքիայի խորհրդարանը պետք է հաստատի նախարարների կաբինետը 45 օրվա ընթացքում: Եթե այդ ժամկետում կառավարություն չձևավորվի, նախագահը կլուծարի խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ կնշանակի:






