AM
17 Հուլիս 2015 - 08:56 AMT

ԵԽ ղեկավարը չի բացառել Հունաստանի հարցով նոր գագաթնաժողովի հավանականությունը

Հուլիսի 13-ին Հունաստանի և եվրոպացի վարկատուների միջև ձեռք բերված համաձայնությունը բավարար երաշխիքներ չի տալիս առաջիկա տարիների համար, ուստի ամռան ընթացքում կարող է Հունաստանի գծով եվրոյի գոտու երկրների նոր գագաթնաժողով գումարվել: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ֆրանսիական Le Monde-ի կայքում հրապարակված հարցազրույցում:

«Այս համաձայնությունը երաշխիք չէ առաջիկա տարիների համար, սակայն այն թույլ տվեց խուսափել քաոսից, Հունաստանի սնանկությունից: Առայժմ դա աշխատում է` Հունաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց բարեփոխումների մասին օրինագծին; Սակայն մենք երաշխիքներ չունենք, թե որքան կտևի այս գործընթացը, որը բավականին բարդ է: Կան ստորջրյա քարեր: Չեմ կարղ բացառել, որ մենք կարող է ստիպված լինենք ևս մեկ գագաթնաժողով գումարել այս ամառ, սակայն հուսով եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»:

Միաժամանակ Տուսկը խոստովանել է, որ պետական պարտքերի խնդիրը համաեվրոպական մակարդակով քննարկման կարիք ունի, ուստի մոտ ապագայում կստեղծվի հատուկ կոնֆերանս: «Պարտքերը գլոբալ խնդիր է: Մենք պետք է քննարկում սկսենք, նշենք, որ դա համաեվրոպական խնդիր է: Բայց դեռ վաղ է պարտքերի վերաբերյալ կոնֆերանսի մասին խոսել: Չեմ կարծում, որ մենք պետք է բանավեճի կենտրոնում դնենք Հունաստանի պարտքային բեռի թեթևացման հարցը: Այստեղ զգուշավոր է պետք լինել, այդ հարցի շուրջ վեճերը կարող են ռիսկային դառնալ ԵՄ մի շարք երկրներում: Չէի ցանկանա այդ հարցով ահաբեկել այն պետություններին, որոնք ստիպված են լինելու հիմա նորից օգնել Հունաստանին»,-ասել է Տուսկը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Անդրադառնալով Բրյուսելում կայացած բանակցություններին` Տուսկը խոստովանել է, որ հուլիսի 13-ին եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը «միանգամայն իրական էր»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ տնտեսական ռիսկերն այդպիսի զարգացման դեպքում արժութային միության մյուս երկրների համար մեծ չէին լինի: «Ճշմարտությունն այն է, որ եթե Հունաստանը դուրս գար եվրոյի գոտուց, դա քաղաքական և աշխարհաքաղաքական հետևանքներ կունենար միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,-ասել է Եվրախորհրդի ղեկավարը:

Հուլիսի 15-ին Հունաստանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը հավանություն է տվել «Եվրոպական աջակցության մեխանիզմի (ESM) հետ բանակցելու և համաձայնություն կնքելու համար հրատապ միջոցների» մասին օրինագծին, որի ընդունումը հունական բանկերին միջոցների տրամադրման ու երկրի տնտեսության փրկության համար օժանդակության նոր ծրագրի մեկնարկի պայմանն էր:

Մինչդեռ Հունաստանում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան տնտեսման մասին օրինագծի ընդունման դեմ, դրանք որոշ դեպքերում ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով:

Հունաստանի վարչապետ Ալքեսիս Ցիպրասն ավելի վաղ հայտարարեց, որ Բրյուսելի գագաթնաժողովում նրան կանգնեցրին երկընտրանքի առջև` համաձայնություն կամ Հունաստանը սնանկ է հայտարարվում և դուրս է գալիս եվրոյի գոտուց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:«Դա վատ գիշեր էր Եվրոպայի համար: Դա ճնշում էր մեկ երկրի, ժողովրդի հանդեպ «ուժեղի իրավունքով»: Բանակցությունների սեղանին համաձայնագիրն էր կամ անկառավարելի ելքը եվրոյի գոտուց»,-ասել է Ցիպրասը ERT հեռուստաալիքին:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40%-ով, գործազրկությունն աճել է 27%-ով: