AM
17 Հուլիս 2015 - 10:48 AMT

Վրաստանի ՆԳՆ. Ուժեղացված հսկողություն է սահմանվել Հարավային Օսեթիայի հետ սահմանին

Ցխինվալի շրջանի (Հարավային Օսեթիա) վարչական սահմանին կից տարածքը ուժեղացված հսկողության տակ է վերցվել ոստիկանության կողմից` խուսափելու համար սադրանքներից: Հուլիսի 17-ին նման հայտարարություն է արել Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական և վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շալվա Էնուկիձեն:

Ավելի վաղ Թբիլիսին մեղադրեց ռուս սահմանապահներին Բաքու-Սուպսա նավթամուղի շրջանում Վրաստանի և Հարավային Օսեթիայի սահմանը տեղափոխելու մեջ: Ինչպես հայտնեց «Sputnik Գրուզիա» գործակալությունը Վրաստանի ԱԳՆ վրա հղումով, հուլիսի 10-ին Հարավային Օսեթիայի և Վրաստանի վարչական սահմանի երկայնքով հայտնվեցին «սահմանազատող» բաններներ:

«Միջոցները ձեռնարկվել են մեր քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով»,-մեջբերում է գործակալությունը Էնուկիձեի խոսքերը, որը նշել է նաև, որ ՆԳՆ ոստիկանական ստորաբաժանումները տեղակայվել են Գորիի շրջանի Ծիթելուբանի և Խուրվալեթի գյուղերի միջև:

Մուտքը այդ տարածք արգելված է ինչպես տեղաբնակներին, այնպես էլ լրագրողներին:

Մի քանի օր առաջ լրագրողները Խուրվալեթի գյուղի մերձակայքում` վարչական սահմանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` նրանք տապալեցին «Հարավային Օսեթիա» գրությամբ ցուցանակները և տրորեցին: Հետո այդ տարածքում տեղադրվեց Վրաստանի դրոշը, որը նախօրեին հանել էին Հարավային Օսեթիայի դե ֆակտո սահմանապահ ծառայության ուժերը և զգուշացրել էին վրացական կողմին, որ «սահմանային ռեժիմը» խախտելու դեպքում ձերբակալություններ կլինեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ 2008-ի օգոստոսին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո: Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության եկան 2012 թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո, հայտարարեցին, որ երկրի արտաքին հարաբերությունների գերակա հարցերից մեկը լինելու է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը: