Խորհրդային նախկին արբանյակներից մեկը՝ հարևանների կողմից շրջափակված, ցեղասպանությունից, արտագաղթից, պատերազմից ավերված փոքր Հայաստանը, թվում է, թե այնքան էլ ակնհայտ թեկնածու չէ տեխնոլոգիական գերակայության համար, գրում է Red Herring-ը:
Այնուամենայնիվ արագ աչքի անցկացնելով պատմության դասագրքերը՝ պարզ է դառնում, թե ինչպես է երկիրը կարողացել արագ կառուցել ՏՏ ոլորտը, որը նախանձի առարկա է Կովկասում և ոչ միայն: Տեխնոլոգիաների ոլորտն այժմ սպասարկում է մոտ 15 000 աշխատատեղ Հայաստանում, երկիրն անգամ իր սեփական պլանշետն է արտադրել, ասվում է հոդվածում, գրում է Tert.am-ը:
Կայքը հիշեցնում է 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության մասին և նշում, որ դառնալով ԽՍՀՄ երկիր, Հայաստանը դարձել է Խորհրդային Միության գիտելիքների կենտրոններից մեկը: Կրթության ոլորտում մաթեմատիկան, ինժեներությունը և ֆիզիկան ամենաբարձր ցուցանիշներն էին գրանցում: Խորհրդային ողջ ռազմական սարքավորումների մեկ երրորդն արտադրվում էր Հայաստանում, հիշեցնում է հեղինակը:
Հեղինակը հիշեցնում է նաև շախմատի ոլորտում գրանցած հաջողությունների մասին և նշում, որ Հայաստանը հայտնի էր որպես Խորհրդային Միության «Սիլիկոնյան հովիտ»: Այդ բարձր որակավորման ժառանգությունը մնացել է` չնայած պատերազմին, այնուհետև սահմանին մշտապես շարունակվող լարվածությանը և ադրբեջանցիների ու թուրքերի կողմից շրջափակված լինելուն:
Կայքը մեջբերում է տեխնոլոգիական երբեմնի փառքը հետ բերել փորձող Granatus Ventures հիմնադրամի համահիմնադիր և գործընկեր, Սինգապուրում գտնվող ներդրող Պիեր Հեննեսի խոսքերը, ով նշում է, որ Հայաստանում շատ գործարաններ և սարքավորումներ կան, որ չեն օգտագործվում և մարդկանց համար դա շատ ցավալի է:
Հեննեսի խոսքերով, սակայն, տեխնոլոգիական փառքի օրերը վերադառնում են: Այսօր Հայաստանը պարծենում է մոտ 400 տեխնոլոգիական ընկերություններով, որոնց թիվն անցած տարվա համեմատ աճել է 25 տոկոսով: Նրանք գեներացնում են տարեկան ընդհանուր 475 միլիոն դոլար՝ երկրի ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը: Կայքը նշում է, որ Հայաստանում 2000-ին ստեղծվել է Վիասֆեր տեխնոպարկը, իսկ 2012-ին՝ Գյումրու տեխնոպարկը:
2019 թվականին երկիրը կհյուրընկալի Տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը: «Մեզ համար շատ կարևոր է նման կոնֆերանս հյուրընկալել Հայաստանում: Դա շատ կարևոր է երկրի տեխնոլոգիական վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից»,- ասել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը:
Վերջին տարիներին գրանցած իր հաջողության համար Հայաստանը պարտական է նաև իր հսկայական սփյուռքին, գրում է կայքը՝ նշելով, որ մի քանի տեխնոլոգիական աստղեր բարձրացրել են ոլորտի կարևորության դերը հայերի շրջանում՝ հայրենիքում ներդրում անելու համար: Սփյուռքի նոր սերունդը, ի հակադրություն ավելի մեծահասակների, ովքեր օգնություն էին տրամադրում եկեղեցիների և բնակարանների կառուցման համար, ներդրումներ է անում հայրենիքում՝ նոր բիզնեսներ սկսելու համար:
Հոդվածագիրը հիշատակում է Granatus Ventures-ի կողմից ֆինանսավորում ստացած երիտասարդ տեղական նախաձեռնությունների մասին, որոնց թվում են GG Taxi-ն և FlatClub-ը, ինչպես նաև վերջերս 10 միլիոն դոլար ֆինանսավորում հաղթած Picsart ֆոտոխմբագրման ծրագրի մասին, ներկայացնում Հայաստանում ոլորտում մի շարք նախաձեռնությունների հիմնադիրների և ծրագրավորողների խոսքերը՝ Հայաստանում ոլորտի զարգացման հնարավորությունների և դժվարությունների, ինչպես նաև երկրում ոլորտի զարգացման համար ժողովրդավարության և թափանցիկ կառավարման համար մղվող պայքարի կարևորության, վերջերս «Ոչ թալանի» շարժմանը նրանց մասնակցության մասին:
Հոդվածագիրը նշում է, որ ընդհանուր առմամբ երկրում հասկանում են, որ ողջ տեխնոլոգիական պոտենցյալը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ փակված գործարանները նորից գործի դրվեն։






