AM
18 Հուլիս 2015 - 06:37 AMT

Համենեի. Իրանի և ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում հակադիր է

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին հուլիսի 18-ին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի հարցում չի համընկնում, հայտնել է իրանական Press TV-ին:

Ելույթ ունենակով Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ` Համենեին ասել է, որ «ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում ուղիղ հակադիր է Իրանի քաղաքականությանը», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ինչպես հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ Թեհրանը մտադիր չէ երկխոսություն վարել ԱՄՆ հետ միջազգային հարցերի շուրջ, իսկ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները «բացառություն էին»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «վեցյակի» միջնորդների միջև համաձայնության հասնելուց հետո արևմտյան երկրների կառավարություններն ու խոշոր բիզնեսը պատրաստվում են պատժամիջոցների չեղարկմանը, մտադիր են վերադառնալ Իրանի շուկա և բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար: