Վրաստանում են գտնվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ներկայացուցիչները, որոնք գնահատում են գալիք տարի «մեծ զորավարժություններ անցկացնելու երկրի հնարավորությունները, որոնց նախադեպը նախկինում չի եղել այս աշխարհամասում»,-հայտարարել է երկրի ՊՆ ղեկավար Տինա Խիդաշելին , հայտնել է Վզգլյադ» թերթը:
Նախարարը գտնվում է ՊՆ Վազիանիի ռազմակայանում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ուղեկցությամբ` նրանք հետևում են Agile Spirit – 2015 զորավարժությունների ընթացքին, որոնք անցնում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, հայտնում է ՌԲԿ-ն:
Վրաց զինծառայողներից բացի զորավարժություններին մասնակցում է 220 ԱՄՆ ծովային հետևակի զինծառայող, ինչպես նաև Ռումինիայի, Բուլղարիայի, Լատվիայի և Լիտվայի ներկայացուցիչներ:
«Նախկինում այս տիպի զորավարժությունները լինում էին վրաց-ամերիկյան, այժմ դրանք արդեն վրաց-ՆԱՏՕ-յական են: Ուստի դրանք հատկապես կարևոր են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից դիտորդների ներկայության առումով»,-ասել է Խիդաշելին:
Խիդաշելին ևս մեկ անգամ անդրադարձել է Հարավային Օսեթիայի «սահմանի տեղափոխմանը». վերջին օրերին Թբիլիսին նման մեղադրանք է ներկայացնում Մոսկվային: «Մեր համբերությունը փորձում են ամեն օր, ուզում են մեզ հակամարտության մեջ ներքաշել, բայց Վրաստանի գործող իշխանությունները դա թույլ չեն տա»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Օգոստոսին Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` բացվելու է «Հյուսիսատլանտյան դաշինքի ուսումնական կենտրոնը»: Վրաստանը մտադիր է 2016-ին «Անդամակցության գործողությունների ծրագիր» ստանալ ՆԱՏՕ-ից:
Ընթացող զորավարժությունները մայիսից հետո երկրորդ մեծ զորավարժություններն են Վրաստանում ԱՄՆ զինվորականների մասնակցությամբ: Մայիսի վերջում Վրաստանում ավարտվեցին ԱՄՆ հետ համատեղ Noble Partner «Բարձր մակարդակի գործընկեր» զորվարաժությունները երկու կողմից 600 զինծառայողների մասնակցությամբ:






