AM
20 Հուլիս 2015 - 11:20 AMT

Ահաբեկչություն Թուրքիայում. Առնվազն 25 զոհ կա, տասնյակ վիրավորներ

Առնվազն 25 մարդ է զոհվել և մոտ 100-ը` վիրավորվել թուրքական Սուրուչ քաղաքում ահաբեկչական գործողության հետևանքով`Սիրիայի հետ սահմանին, հայտնել է NTV հեռուստաալիքը ոստիկանությունում աղբյուրների վրա հղումով:

Պայթյունը տեղի է ունեցել 11:45-ին: Ըստ նախնական տվյալների, մահապարտ ահաբեկիչը կլաստերային ռումբ է պայթեցրել Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ թուրքական խորհրդարանի անդամ Ֆիքրեթ Բիլան հայտարարեց, որ պայթյունն ուղղված էր թուրքաբնակ քրդերի դեմ, որոնք բնակվում են կենտրոնի տարածքում`«Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար Սիրիա մեկնելուց առաջ:

Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր դժգոհությունն արտահայտելով Սիրիայի հյուսիսում քրդերի արձանագրած ռազմական հաջողություններից, հայտարարել է, որ Թուրքիան երբե՛ք թույլ չի տա, որ իր երկրի հարավում՝ Սիրիայի հյուսիսում, քրդական պետություն ստեղծվի: Անկարան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պլանը երբեք չիրականացվի, ինչպիսին էլ լինի հարցի գինը»,-ասել է Էրդողանը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ օրերս Սիրիայի Հալեպ քաղաքում ձերբակալված ահաբեկիչները խոստովանեցին, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել: Վարժանքներն անցկացրել են ազգությամբ թուրք, քաթարցի և ամերիկացի սպաները, թուրքական Ulusalkanal լրատվական կայքին հղումով գրել է Ermenihaber.am-ը: Ահաբեկիչներից մեկը հայտնել է, որ Թուրքիայում նրանք ամսական ստանում են 18 հազար թուրքական լիրա:

Թուրքիան Սիրիայում 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով ուժեղացրել է հյուսիսային սահմանի հսկողությունը: Այս ընթացքում վերջինս ընդունել է մոտ 2 մլն սիրիացի փախստականի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: