AM
20 Հուլիս 2015 - 14:32 AMT

ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը 6 ամսում աճել է 3,8%–ով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) հունվար-հունիսին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.8%-ով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն իր հրապարակած հունվար-հունիս ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներում:

2015-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ աճը կազմել է 7.9%: Նախորդ տարվա հունիսի ցուցանիշների համեմատությունը 2014-ի հունիսի հետ ցույց են տալիս, որ արդյունաբերության աճը կազմել է 8.1%, գյուղատնտեսության աճը` 38%, ծառայություններինը` 1.5%, շինարարությանը` 1%: Աճի տեմպի ավելացումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալների աճով: Որոշակի աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում, շինարարությունում այն չնչին է, իսկ առևտրում անկում է գրանցվել:

Ըստ տնտեսության ճյուղերի, հունիսին մայիսի նկատմամբ գյուղատնտեսությունն աճել է 79.2%-ով և այստեղ էական դեր է խաղում սեզոնայնության գործոնը: Միայն հունիսին մայիսի համեմատ արտահանումն աճել է 21.3%-ով, ներմուծումը` 26.2%-ով: Իսկ 2014-ի հունիսի համեմատ արտահանումն աճել է 7%-ով, ներմուծումը` նվազել 36.6%-ով: Արդյունաբերությունն աճել է 10.2%-ով, շինարարությունը՝ 21%-ով, առևտուրը` 16.4%-ով, ծառայությունները` 9.2%-ով:

Գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին կեսին աճել են երկնիշ թվով` 14.5 %-ով, արդյունաբերությանը` 5.1%-ով, ծառայություններինը` 3.3%-ով, շինարարությանը` 0.6%-ով, առևտրի շրջանառությունը նվազել 8.2%-ով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա 2015-ի հունվար-հունիսին անցած տարվա համեմատ այն նվազել է 29.8%-ով և կազմել $1 մլրդ 932 մլն: Արտահանումը կազմել է $624.8 մլն՝ նվազելով 11.2%-ով, ներմուծումը` գրեթե $1 մլրդ 308 մլն՝ նվազելով 36.2%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, ցուցանիշներն ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ:

Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015-ին նախատեսված է 4.1%-ի չափով։ Կենտրոնական բանկը կանխատեսում է մինչև 2% տնտեսական աճ, իսկ ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսվում է 1% տնտեսական աճ: