AM
21 Հուլիս 2015 - 09:32 AMT

Քերին «մտահոգիչ» է համարում Համենեիի հայտարարությունն ԱՄՆ հետ հարաբերությունների մասին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի հայտարարությունները ԱՄՆ մասին «մտահոգիչ են», հուլիսի 21-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ալ Արաբիա հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ելույթ ունենակով Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ` Համենեին ասել է, որ «ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում ուղիղ հակադիր է Իրանի քաղաքականությանը»:

Ինչպես հայտնել էր «Ռոյթերս» գործակալությունը, Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ Թեհրանը մտադիր չէ երկխոսություն վարել ԱՄՆ հետ միջազգային հարցերի շուրջ, իսկ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները «բացառություն էին»:

«Չգիտեմ ինչպես դա մեկնաբանել, հավանաբար, տառացիորեն ընդունելով, որ դա իր քաղաքականությունն է: Բայց ես գիտեմ, որ հրապարակային ելույթներն ու դրան հաջորդող իրադարձությունները հաճախ տարբերվում են: Եթե դա նրա քաղաքականությունն է, ապա դա շատ մտահոգիչ է, մենք պետք է սպասենք ու հետևենք»,-ասել է Քերին:

Քերին նշել է նաև, որ Վաշինգտոնը «չի կատակում, երբ խոսում է ծայրահեղականության, ահաբեկչության և այլ երկրներում իրավիճակն ապակայունացնողների դեմ պայքարի կարևորության մասին», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, ԱՄՆ Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար: