AM
21 Հուլիս 2015 - 10:07 AMT

Statoil-ը հրաժարվել է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու նախագծերից

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպայի հարավային շրջաններ փոխադրել նախատեսող Անդրանատոլիական գազամուղ նախագծից հրաժարվելուց հետո նորվեգական նավթային Statoil ընկերությունը վաճառել է նաև ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու Անդրադրիատիկ գազամուղի (TAP) նախագծում ունեցած իր 20% մասնաբաժինը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը` տեղեկացնելով, որ նորվեգական ընկերության մասնաբաժինը ձեռք բերելու ցանկացողներ արդեն կան, փոխանցում է Reuters-ը:

Statoil-ում հրաժարվել են մեկնաբանել TAP-ում իրենց մասնաբաժինը վաճառելու մասին տեղեկությունը:

Նորվեգական նավթագազային հսկա Statoil-ն ադրբեջանական «Շահդենիզ» հանքահորում իր մասնաբաժնի վաճառքի գործարքը մալազիական Petronas ընկերության հետ ավարտել է ապրիլի 30-ին և հեռացել Ադրբեջանից: Statoil ASA խումբը փետրվարին հայտնել է Հյուսիսային ծովում իր Statfjord C կառամատույցի փակման մասին: Ինչպես հայտնում է տեղի Stavanger Aftenblad թերթը, ընկերության ներկայացուցիչները ճագ են հայտնաբերել ծովային հիմքի ջահի աշտարակում:

Եվրամիությունը մտադիր է երակարացնել Ադրբեջանից «Հարավային գազային միջանցքով» (Անդրանատոլիական՝ TANAP-ի, Անդրադրիատիկ գազմուղ՝ TAP) գազի մատակարարումների երթուղու վերջնակետ Իտալիայից մինչև Իսպանիա և Ֆրանսիա: Ըստ թերթի՝ գազամուղների՝ 2014-2020-ի շինարարության հաստատված ծրագրի համաձայն՝գազմուղեր կկառուցվեն Իսպանիայի և Ֆրանսիայի միջև: Դա Եվրոպային հնարավորություն կտա ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումները և սկսել գազ ներկրել Թուրքմենստանից և Իրանից՝ վերջինիս նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների վերացման ֆոնին: