AM
22 Հուլիս 2015 - 07:41 AMT

Իրանի համար անընդունելի է 10 տարուց պատժամիջոցները երկարաձգելու հավանականությունը

Իրանը չի ընդունի իր միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները երկարաձգելու «վեցյակի» փորձերը, երբ դրանց ժամկետը 10 տարի անց սպառվի, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչիի վրա հղումով:

Ավելի վաղ «վեցյակը» հայտնել էր ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որ 10 տարուց նախատեսվում է քննարկել նոր բանաձևի նախագիծ` Իրանի դեմ գործող պատժամիջոցները ևս 5 տարով երկարացնելու մասին:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ:

«Եթե ԱՄՆ-ն և «վեցյակի» մյուս անդամները հայտարարում են, որ 10 տարուց նոր բանաձև են մտադիր ընդունել, որի համաձայն պատժամիջոցների գործողությունը կշարունակվի, ապա դա խախտում է Վիեննայի պայմանավորվածություններն ու վստահությունը»,-ասել է Արաքչին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին բանաձև է ընդունել, որը միջազգային հսկողություն կսահմանի Իրանի միջուկային ծրագրի հարցում, թույլ կտա համոզվել, որ այն խաղաղ բնույթ է կրում և թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել: Բանաձևի նախագծի օգտին քվեարկեցին ԱԽ մշտական 5 անդամները` Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև 10 ոչ մշտական անդամներ:

Նախագծում ասվում է նաև պատժամիջոցների վերսկսման սխեմայի մասին այն դեպքում, եթե Իրանը չկատարի պարտավորությունները: Մեխանիզմն ուժի մեջ կմնա 10 տարի: Նախատեսվում է, որ եթե այդ ընթացքում լուրջ խախտումներ հայտնաբերվեն Իրանի կողմից, երկիրը կխուսափի պատժամիջոցներից միայն ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևի ընդունման դեպքում: Իսկ եթե 5 մշտական անդամներից գոնե 1-ը դեմ լինի, պատժամիջոցներն ինքնաբերաբար կվերսկսվեն 30 օրվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուենդի Շերմանը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները պայմանավորվել են 2025-ին վերադառնալ գործող մեխանիզմը ևս 5 տարով երկարացնելու հարցին: