Վրաստանը երբեք չի հաշտվի «վրացական տարածքների օկուպացիայի հետ, որն իրականացրել է հարևան պետությունը» և կվերադարձնի դրանք «ռազմավարական համբերության» շնորհիվ: Այդ մասին, ըստ BBC-ի հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին` ելույթ ունենալով վրացական հեռուստաալիքներից մեկի եթերում: «Ռազմավարական համբերությունն» այն ընդունելի հարթակն է, որն ավելացնում է մեր կողմնակիցների թիվը, և մենք այդ համբերության շնորհիվ, ոչ թե զենք ճոճելով, անպայման կհասնենք մեր քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերակագնմանը»,-ասել է նախագահը:
Մարգվելաշվիլիի հայտարարությունը հնչել է Թբիլիսիի և չճանաչված Հարավային Օսեթիայի միջև հերթական սահմանային վեճից հետո: Օսական կողմի սահմանապահները 300 մետր առաջ են տարել սահմանը, արդյունքում, Վրաստանը կորցրել է հսկողությունը Բաքու-Սուպսա նավթամուղի 1605-մետրանոց հատվածի հանդեպ: Նավթամուղը նախատեսված է ադրբեջանական նավթի արտահանման համար: Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնել Վրաստանի և Ռուսաստանի միջև տարածքային վեճի առնչությամբ: «Նման գործողությունները «մտահոգություն են առաջացնում» և կարող են ավելի ապակայունացնել իրավիաճկը տարածաշրջանում»,-հայտարարել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան Կլոդ Ֆրեկոն, գրում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր ուղղել Ռուասստանին` պնդելով, որ հուլիսի 10-ին Ցխինվալի տարածաշրջանում տեղադրվել են բաններներ, որոնք նշում են Հարավային Օսեթիայի սահմանները: Վրաստանի ՊՆ ղեկավար Թինա Խիդաշելին հայտարարեց, որ Մոսկվան հակամարտություն է հրահրում Թբիլիսիի հետ: «Բանների տեղադրումն այստեղ կամ այլ վայրում չեմ կարծում, որ կարող է որևէ քաղաքական կամ ռազմավարական նշանակություն ունենալ Ռուսաստանի համար, բացի ամեն օր մեր համբերությունը փորձելուց, նրանք փորձում են մեզ ներքաշել հակամարտության մեջ»,-ասել է Խիդաշվիլին, հայտնում է Apsny.ge-ն:






