Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հայթայթման հարցով այժմ բանակցություններ են ընթանում երկու երկրի միջև: Այս մասին ՀՀ կառավարության հուլիսի 22-ի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Կան շահագրգիռ ընկերություններ, որոնք պատրաստ են ֆինանսավորել ծրագրի մի մասը, սակայն այդ ծրագիրը թանկ արժե, և մեզ անհրաժեշտ է համապարփակ լուծում, որպեսզի այն կյանքի կոչվի»,- պարզաբանել է Առաքելյանը:
Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով Իրանի ու «վեցյակի» միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից Հայաստանի տնտեսական ակնկալիքներին, ասել է, որ Իրանի հետ գործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում՝ առանց բացառության:
«80 միլիոնանոց շուկա է, և 37 տարի է` էմբարգոյի տակ են: Ընդհանուր առմամբ, իրենց տնտեսությունն էլ լուրջ պոտենցյալ ունի, և դրա որոշակի օգտագործումը մեր երկկողմ գործակցության մեջ շատ կարևոր և հեռանկարային է», – ասել է Ճշմարիտյանը՝ խոսելով Հայաստանի տնտեսական ակնկալիքներից, գրում է Panorama.am-ը:
Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) հուլիսի 16-ին համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ:






