Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստը: Հանձնաժողովի համանախագահներն են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեվիտինը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը, բացելով նիստը Ի.Լեվիտինը նշել է, որ 2006 թվականը առանձնահատուկ տարի է Ռուսաստանի եւ Հայաստանի համար: Այն անցնում է Ռուսաստանում Հայաստանի տարվա նշանաբանով, որի շրջանակներում արդեն քիչ չեն եղել նշանակալի իրադարձությունները: Ի.Լեվիտինը շնորհավորել է նաեւ հայկական պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության 15-րդ տարեդարձի առիթով: Ըստ ռուս նախարարի, միջկառավարական յոթերորդ նիստից անցած ժամանակամիջոցում կողմերի միջեւ լուրջ աշխատանք է կատարվել հանձնարարականների կատարման առումով: Ուժի մեջ է մտել Կապիտալ ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիրը: Ավարտվել են 2002թ. հուլիսի 17-ի միջկառավարական համաձայնագրի հաշվարկները: 30.01.2006թ. տվյալներով Վնեշէկոնոմբանկում պետական վարկերի գծով Հայաստանը ոչ մի պարտք չունի: Մարտի 31-ին Համաձայնագիր է կնքվել «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ Հայաստանի տարածքում իրագործվող գազաէներգետիկ նախագծերին «Գազպրոմի» մասնակցության վերաբերյալ: Լուծվել են կազմակերպչական եւ ֆինանսական հարցեր, կապված Հայաստանում Տիեզերական դիտարկման կենտրոնի ստեղծման հետ: Ի.Լեվիտինը նշել է, որ դիտարկվում են երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում բնապահպանական գործունեության ոլորտում: Էապես աշխուժացել է հումանիտար համագործակցությունն երկու երկրների միջեւ:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության իրավապայմանագրային բազայի վիճակը, առեւտրատնտեսական զարգացման, ֆինանսական եւ գույքային հարաբերությունների, վառելիքաէներգետիկ համալիրում համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ գործակցությունը տրանսպորտի եւ կապի, հումանիտար ոլորտներում: Նիստի արդյունքում արձանագրություն է ստորագրվել: