ԱՄՆ-ն մտադիր է մինչև 2025 թ. ստեղծել աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը: Համապատասխան կառավարական որոշումը ստորագրել է նախագահ Բարաք Օբաման «Ռազմավարական համակարգչային նախաձեռնություն» (NSCI) գիտահետազոտական ծրագրի շրջանակում: Նրա խնդիրը նոր համակարգչային տեխնոլոգիաների զարգացումն է ու աջակցությունը նոր էկսաֆլոպսային հաշվիչ համակարգերի մշակմանը (1 էկզաֆլոպսը հավասար է կվինտիլիոն գործողության 1 վայրկյանում), որոնք թույլ կտան երկրին արժանի դիրք գրավել սպառազինությունների բարձրտեխնոլոգիական մրցավազքում:
Ավելի վաղ չինական «Շուգուանը» հայտարարեց 100 պետաֆլոպս (100 քվադրիլիոն գործողություն վայրկյանում լողացող ստորակետի հետ) մակարդակում հաշվողական համալիրի կառուցման աշխատանքները սկսելու մասին: Այդպիսով, խոսքը աշխարհում ամենահզոր համակարգչի մասին է, քանի որ տվյալ պահին ռեկորդակիր է համարվում չինական «Տյանհե-2»-ը 33.86 պետաֆլոպս արտադրողականությամբ:
Նոր գերհամակարգիչը նախագծվելու և մշակվելու է դաշնային կառավարության ուժերով, իսկ հետո կօգտագործվի ամենատարբեր ոլորտներում: Կիրառման նման ոլորտներից մեկը կլինի, օրինակ, NASA-ն: Մեքենան կօգտագործվի գործակալության կողմից օդանավերի կառուցվածքի վրա տուրբուլենտության ազդեցությունն ավելի լավ հասկանալու համար: Կիրառման մեկ այլ ոլորտ կարող են դառնալ բժշկական հետազոտությունները:
Աշխարհի ամենահզոր 500 գերհամակարգիչների ցանկում հիմնականում ամերիկյան սարքեր են, սակայն հիմնական դափնիները բաժին են ընկնում Չինաստանին և Ճապոնիային: Չինաստանն արդեն ունի հզոր հաշվողական տեխնիկայի ստեղծման փորձ: Ավելի վաղ երկրում մշակվել էր «Սինյուն» գերհամակարգիչը մեկ պետաֆլոպս արագ գործողությամբ, ինչպես նաև «Տյանխե-1Ա»-ն, որը կարող է կատարել է 2,57 կվադրիլիոն գործողություն մեկ վայրկյանում և որի ամենամեծ արագությունը կարող է հասնել 4,7 կվադրիլիոն գործողության վայրկյանում:
Ունենալով դաշնային կառավարության աջակցությունը` NSCI հուսով է առաջ անցնել մրցակիցներից ու նոր մակարդակ սահմանել համակարգչային բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտում: Սակայն եթե հաշվի առնենք, թե որքան դժվարությունների հետ ենք բախվում մեր մոլորակում, ապա նույնիսկ էկսաֆլոպսային համակարգիչներին շատ ժամանակ կպահանջվի այդ խնդիրների լուծումները գտնելու համար: