Օգոստոսի 6-ին հազվագյուտ երկնային երևույթ է սպասվում` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան, Ուրանը և Մարսը:
Մոտ 7.8 աստիճանի սահմաններում (Լուսնի սկավառակի անկյունային չափն է կես աստիճան) հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի ամենապայծառ մոլորակ՝ Վեներան, ինչպես նաև Ուրանը և Մարսը: Երեք մոլորակը դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Մարսը նույնպես պայծառ է և դիտվում է անզեն աչքով, սակայն Ուրանը տեսնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել հեռադիտակ կամ փոքր աստղադիտակ։ Երևանում քաղաքային լուսավորության պայմաններում մոլորակների դիտարկումը ավելի նպատակահարմար է անցկացնել բարձր շինությունների տանիքներից։
Մոլորակների միացումներ են կոչվում երկնքում երկու կամ ավելի մոլորակի իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակի միացումներ շատ հաճախ է լինում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակի միացումները (եռակի միացումներ): Մոլորակների միացումը չի նշանակում, որ դրանք իրականում մոտենում են տարածության մեջ: Դա միայն պրոյեկցիայում է:
Այս մոլորակների անցյալ եռակի միացումը դիտվել է 2011-ի մայիսին, իսկ հաջորդը կդիտվի 2015-ի օգոստոսի 28-ին:






