ՀՀ կառավարության որոշմամբ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015-ի ծրագրով հատկացվել է 800 մլն դրամ, Ջրօգտագործողների ընկերություններին պետբյուջեից հատկացվել է մոտ 5.2 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացրել է ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը՝ օգոստոսի 5-ին Կառավարությունում խորհրակցության ժամանակ զեկուցելով 2015-ի ոռոգման գործընթացի իրականացման աշխատանքների մասին:
Ծրագրի շրջանակում իրականացվել են պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների խողովակաշարերի նորացման աշխատանքներ:
Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառն այսօրվա դրությամբ կազմել է 121.261 մլն մ3՝ նախորդ տարվա 216.121 մլն մ3-ի համեմատ: 80 կետում տեղադրվել է ժամանակակից ջրաչափ, որոնց շահագործումը թույլ կտա ամենօրյա առցանց հսկողության տակ ունենալ այդ կետերում ջրաքանակների հոսքը: Առավել մեծ ջրապահանջարկ ունեցող ՋՕԸ-ներում անցկացված գիշերային ոռոգման ստուգման արդյունքները ցույց են տվել, որ գիշերային ջրամատակարարումն իրականացվում է պատշաճ մակարդակով համապատասխան մասնագետների և աշխատակիցների մասնակցությամբ: Ձեռնարկվել են նաև կազմակերպչական միջոցառումներ՝ ՀՀ ջրտնտպետկոմիտեում ՋՕԸ-ներին աջակցող խմբի ձևավորում, ջրերի հաշվառման SKADA համակարգի ներդրման 80 դիտակետի կառուցում, LOKATOR համակարգով ՋՕԸ-ների ծանր տեխնիկայի աշխատանքի հսկողություն և համակարգում, ՋՕԸ-ների աշխատանքի և կառուցվածքային խնդիրների վերլուծություն և այլն:
Հարությունյանը նշել է, որ ՀՀ 70 համայնք ունի գերնորմատիվային ջրապահանջարկ, ինչը պայմանավորված է մշակովի ցանքատարածությունների ծավալի ավելացմամբ:
ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը ՋՕԸ-ների տնօրեններից հետաքրքրվել է ջրամատակարարման արդյունավետությամբ, վճարների հավաքագրման ծավալով և հանձնարարել պատշաճ կազմակերպել ջրամատակարարման գործընթացը:
«Այսօրվա մեր հավաքի նպատակը երկու կարևոր հարց է. առաջին՝ ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, գյուղացիներին. որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է: Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա: Եվ, երկրորդ՝ կարգապահություն հավաքագրման գործընթացում. պետք է աշխատեք թափանցիկ և ազնիվ»,- ասել է Կառավարության ղեկավարը:
Հարությունյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում ջրամբարաշինության ոլորտում ձեռնարկվող քայլերը և զեկուցել միջազգային մի շարք կազմակերպությունների աջակցությամբ Վեդու, Կապսի, Մաստարայի և Եղվարդի ջրամբարների կառուցման ու վերակառուցման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ արդյունքում Հայաստանը լուրջ ջրային պաշարներ կունենա, ինչն էլ կնպաստի ոռոգման սեզոնին ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը:
Հուլիսին հայտնի դարձավ, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 50 մլն դոլարի վարկ կտրամադրի «Ոռոգման համակարգերի արդիականացում» նախագծի շրջանակում: Ֆինանսավորման ընդհանուր թվից 40 մլն դոլարն արտոնյալ վարկի տեսքով կտրամադրի ԿԶԵՀ–ը, իսկ 10 մլն դոլարը` որպես համաֆինանսավորում կհատկացնի Հայաստանի կառավարությունը։
Նախագծի շրջանակում նախատեսվում է Հայաստանի ամբողջ տարածքում կառուցել և վերականգնել 70.4 կմ ընդհանուր երկարությամբ 8 ինքնահոս համակարգ, 8.1 կմ գլխավոր ուղի, 54.1 կմ միջտնտեսային համակարգ, 277.8 կմ ներտնտեսային ցանց։






