AM
6 Օգոստոս 2015 - 08:46 AMT

Իրավապաշտպաններ. ԻՊ գրոհայինները ռազմավարական նշանակության քաղաք են գրավել Սիրիայում

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը (Syrian Observatory for Human Rights) հայտնել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Էլ Քարյաթան քաղաքը երկրի արևմուտքում, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Ըստ իրավապաշտպանների, գրոհայինները սկսել են գրոհը օգոստոսի 5-ի առավոտյան, երբ 3 մահապատ ահաբեկիչ պայթեցրեց իրենց կառավարամետ ուժերի անցակետում քաղաքի մատույցներում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ԻՊ-ն գրավել է Էլ Քարյաթան քաղաքը Հոմսից դեպի հարավ-արևելք կառավարամետ ուժերի ու նրանց լոյալ մարտիկների հետ դաժան բախումներից հետո»,-հայտնել է գործակալությանը կազմակերպության տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը: Ըստ նրա տվյալների, բախումների արդյունքում 37 սիրիացի զինծառայող է զոհվել և ԻՊ 23 գրոհային: Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է մայիսից ԻՊ կողմից վերահկվող Պալմիրայից դեպի Դամասկոսի շրջանի Քալամուն տարածաշրջանի ճանապարհին:

«Վերահսկելով Էլ Քարյաթանը` ԻՊ զինյալները կմիավորեն իրենց կողմից վերահկվող տարածքները Հոմսի արևելյան մասում արևելյան Քալամունի գրավյալ տարածքների հետ, ինչը թույլ կտա գրոհայինների ու զինամթերքի տեղաշարժ ապահովել տարածաշրջանների միջև»,-հավելել է Աբդել Ռահմանը:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: