Ճապոնական կազմակերպությունները հետաքրքրված են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով և կարող են ներգրավվել աշխատանքներում: Այս մասին ասել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը:
Բեգլարյանը դեսպանին ներկայացրել է այն կարևոր ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են Հայաստանում տրանսպորտի ոլորտում՝ ընդգծելով կառուցվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի բացառիկ դերը ՀՀ զարգացման համար, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Նախարարը նաև շեշտել է, որ գոյություն ունի մեկ այլ կարևոր նախագիծ՝ Հայաստանի հարավային երկաթուղու ծրագիրը, որը մեծապես կնպաստի աշխարհի հետ երկրի տնտեսական կապի ընդլայնմանը։
«Համոզված եմ, որ ընդհանուր եզրեր կգտնենք առաջիկայում տրանսպորտի ոլորտում ավելի սերտ գործակցության համար», – նշել է նա:
Բեգլարյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Տոկիո կատարելիք այցի ժամանակ հանդիպել Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչներին և քննարկել տրանսպորտի և կապի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
556 կմ ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը մուտք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019-ին: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ $1,5 մլրդ: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է $100 մլն-ի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը:
Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը:






