AM
13 Օգոստոս 2015 - 07:48 AMT

Պետդեպ. ԱՄՆ-ն Սիրիայում նախկինի պես հենվում է ընդդիմության ջոկատների վրա, ոչ թե քրդերի

ԱՄՆ-ն Սիրիայում նախկինի պես հենվում է այսպես կոչված չափավոր ընդդիմության զինյալ ջոկատների վրա, ոչ թե քրդերի ռազմականացված կազմավորումների: Լրագրողների համար ճեպազրույցում նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլուլի ծառայության պետի տեղակալ Մարկ Թոները`անդրադառնալով ամերիկյան The Daily Beast-ի հրապարակմանը, որտեղ ասվում էր, որ ԱՄՆ-ն Սիրիայում որոշել է հենվել քրդերի վրա: «Մենք նախկինի պես կենտրոնանում ենք սիրիական ընդդիմության ուժերի ուսուցման և զինման ծրագրի վրա: Սակայն, դա մեր ջանքերի բաղադրիչներից մեկն է միայն, դրանք ուղղված են նաև ԻՊ դեմ պայքարող քրդական ուժերի, թուրքոմանների, սիրիական արաբական ուժերի հետ գործակցությանը: Այս ամենն ամերիկյան ռազմավարության մաս է կազմում»,-ասել է Թոները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, ըստ The Daily Beast-ի հրապարակման, ԱՄՆ-ն միայն ձևականորեն է սատարում «ապստամբների բանակին», որի նախապատրաստմանը նախկինում մտադիր էր ծախսել կես միլիարդ դոլար: Սակայն իրականում համոզվեց, որ դա արդյունավետ չէ և այժմ մտադիր է հենվել քրդական զինված կազմավորումների վրա:

«Չեմ հասկանում, թե հանուն ինչի ենք շարունակում այս ծրագիրը»,-ասել էր պարբերականին բարձրաստիճան ամերիկացի զինվորականը: Ըստ պարբերականի, իրականում Պենտագոնը վաղուց արդեն հրաժարվել է սեփական խամաճիկային ուժերից ու գտել է ԻՊ հետ պայքարի համար այլ խմբավորում` խոսքը քրդերի ինքնապաշտպանական ուժերի մասին է:

Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մինչդեռ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում քուրդ զինյալները զգալի հաջողությունների են հասել: Հունիսի 27-ին քրդական ջոկատները կարողացան հաջողության հասնել Կոբանիում` ստիպելով ծայրահեղականներին նահանջել այդ սիրիական քաղաքից: Ավելի վաղ քուրդ աշխարհազորայիններին հաջողվեց գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Իսա քաղաքը, որը վերահսկում էին «Իսլամական պետության» գրոհայինները, իսկ դրանից առաջ` գրավել սիրիական Ռաքքա գավառում գտնվող ԻՊ ռազմակայանը: Քրդերը գրավել են Թել Աբիադ քաղաքը երկրի հյուսիսում: Նրանց հաջողվել է գրավել Թել Աբիադ-Ռաքքա մայրուղին Թուրքիայի սահմանի մոտ, որը ռազմավարական նշանակություն ունի:

Մինչդեռ Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: