AM
13 Օգոստոս 2015 - 08:12 AMT

Թուրք-իրանական ամենամեծ սահմանային անցակետը փակ է. Պատճառը գրոհայինների հարձակումներն են

Իրանի և Թուրքիայի ամենամեծ Գյուրբուլուք-Բազարգան սահմանային անցակետը Իրանի կողմից միակողմանիորեն փակվել է: Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության փոխնախարար Դավուդ Քեշավերզիյանը:

Սահմանային անցակետի փակումը կապված է օգոստոսի 11-ին Թուրքիայի տարածքում գրոհայինների հարձակումների հետ, CnnTurk լրատվական ծառայությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գուրբուլաք-Բազարգան սահմանային անցակետը գտնվում է Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում:

Իրանցի փոխնախարարը տեղեկացրել է, որ չնայած անցակետի միակողմանի փակմանը, Թուրքիայի բեռնատարները կարող են մուտք գործել Իրան:

Քեշավերզիյանը վերջին օրերին Թուրքիայում իրանական մեքենանարի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ հանդիպել և իր մտահոգությունն է հայտնել Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիզա Հաքան Թեքինի հետ:

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հետաձգել է օգոստոսի 11-ին նախատեսված այցը Թուրքիա: Այցի հետաձգման պատճառը չի հստակեցվում:

Զարիֆն Անկարայում պետք է քննարկեր Սիրիայի ճգնաժամի հաղթահարման, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ պայքարին առնչվող հարցեր: Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարարն իբր պատրաստվում էր Անկարային ներկայացնել Թեհրանի մշակած գործողությունների պլանը: Ըստ որոշ տվյալների, այն ենթադրում էր գործող ռեժիմի հսկողության տակ թողնել երկրի մի շարք շրջաններ, իսկ այն շրջանները, որոնք այժմ ընդդիմության հսկողության տակ են, կմնային նույն կարգավիճակում: Ընդ որում հատուկ ուշադրություն պետք է դարձվեր սունի բնակչության անվտանգությանը:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Անկարան ու Թեհրանը լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի ապագայի հարցում: Թուրքիան կտրականապես դեմ է իշխանության գլուխ Ասադի մնալուն: Իսկ Իրանը հնարավոր է համարում դա` գտնելով, որ սիրիական ճգնաժամը կարելի է հաղթահարել գործող ղեկավարության մասնակցությամբ: Սակայն, կողմերը համակարծիք են, որ առաջնային խնդիրը Սիրիայի ներսում ահաբեկչական սպառնալիքի չեզոքացումն է: