Շվեյցարիան օգոստոսի 13-ին չեղյալ է համարել Իրանի դեմ գործող պատժամիջոցների մի մասը, որոնց գործողությունը կասեցվել էր 2014-ի հունվարին, հայտնում է DW-ն: Համապատասխան որոշում մեկ օր առաջ կայացրել էր կառավարությունն`արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտին: Մասնավորապես, չեղյալ է համարվում Իրանի պետմարմինների հետ թանկարժեք մետաղների առևտրի արգելքը, նավթաքիմիական արտադրանքի, իրանական նավթի տեղափոխման հետ կապված ապահովագրական պայմանների արգելքը:
Շվեյցարիայի իշխանություններն իրենց իրավունք են վերապահել վերսկսել պատժամիջոցների գործողությունը, եթե Թեհրանը չկատարի ազգային միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունները: Բեռնը պահապնել է Իրանի դեմ սահմանափակող միջոցների մեծ մասը: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ավելի զգուշավոր են` նրանք պատրաստ են չեղարկել պատժամիջոցները միայն այն դեպքում, եթե Իրանը կատարի պայմանավորվածություններով ձեռք բերված բոլոր պարտավորությունները:
Մինչդեռ, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Մոսկվան հուսով է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն մոտ ապագայում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք հուսով ենք, որ պատժամիջոցներն առավելագույնս արագ կհանվեն, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Ռյաբկովը Մոսկայում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ Իրանից սահմանափակումները հանելուց հետո «նավթի արտահանման նրա ներուժը չի կարող վերականգնվել մի քանի ամսում»:
Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:






