AM
14 Օգոստոս 2015 - 13:33 AMT

Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետ կկառուցվի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև 2017-ը կունենա նոր՝ «Այրում-Ջիլիզա» վերազինված սահմանային հսկիչ կետ: Այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս և շենք-շինություն ձեռքբերելու նպատակով պետբյուջեի պահեստային ֆոնդից 16 մլն 800 հազար դրամ հատկացնել՝ սահմանային հսկիչ նոր կետը կառուցելու համար:

Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապաստասխան սահմանային բուսասանիտարական վերահսկողության նոր կետը հագեցած կլինի վարակազերծման ժամանակակից համակարգերով, որը կներառի նաև անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատորիա: Այն կկառուցվի ռուսական դրամաշնորհի միջոցներով:

«ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով և ՀՀ ԵԱՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով է նախատեսված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնել: