AM
15 Օգոստոս 2015 - 06:56 AMT

Նոր պայթյուններ չինական Տյանձինում. Մարդկանց տարհանում են թունավոր արտանետումների պատճառով

Օգոստոսի 15-ին մի քանի պայթյուն է որոտացել չինական Տյանձինում արտակարգ պատահարի վայրում, որտեղ տեղի ունեցած տեխնածին աղետի հեևանքով արդեն 85 մարդ է զոհվել, հայտնել է «Ժեմին ժիբաո» թերթը:

Ըստ թերթի տվյալների, մի քանի ոչ այնքան հզոր պայթյուն է որոտացել մոտ 11:40-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թունավոր նյութերի տարածման սպառնալիքի պատճառով իշխանությունները սկսել են տարհանել տեղի բնակիչներին: Տարհանվածների ստույգ քանակը հայտնի չէ, հաղորդվում է երեք ավտոբուսի մասին, տարհանվածներով ևս մեկ ավտոբուս պատրաստվում է մեկնել:

Ըստ գործակալության տվյալների, քամին կարող է փոխել ուղղությունը ու ցրել թունավոր նյութերն արտակարգ պատահարի վայրից:

Նախկինում պայթյունի վայր էին ժամանել զինվորականները քիմպաշտպանության հանդերձանքով, որոնք որոնելու են ողջ մնացածներին, հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը:

Օգոստոսի 12-ին Չինաստանի ժամանակով 23:30-ին 2 հզոր պայթյուն է որոտացել Ruihai International Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ թունավոր նյութեր են պահվում: Պայթյունն այնպիսի հզորության է եղել, որ այն գրանցել է նույնիսկ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Հզորությունը հավասարազոր է եղել 3 և 21 տոննա տրոտիլի:

Աղետի պատճառը հայտնի չէ, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ կարող էին լինել ընկերության անվտանգության համակարգում` ղեկավարությունն արդեն ձերբակալված է: Ըստ ԶԼՄ-ների, ևս մի քանի տասնյակ հրշեջ համարվում է անհայտ կորած: Բազում պայթյուններ են հնչել արդեն այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները, ինչը նոր զոհերի պատճառ է դարձել: Ըստ CCTV հեռուստաալիքի, առնվազն մեկ շենք փլվել է, ևս մի քանի տասնյակ շինություն վնասվել է: Համալիրը շրջափակված է, երկաթուղային երթևեկությունը վթարի շրջանում դադարեցված է: Անվտանգության նկատառումներով փակվել են նաև ավտոլցակայանները:

Մոտակայքում գտնվող ազգային գերհամակարգչային կենտրոնի աշխատակիցները որոշել են ձեռքով կասեցենլ աշխարհի ամենաարագ Tianhe-1A գերհամակարգչի աշխատանքը:

Ըստ տեղեկատվության, հարյուրավոր ավտոմեքենաներ մոխրացել են:

Ավելի վաղ արդեն Լուրեր են շրջանառվում, որ պահեստում կային թունավոր քիմիական նյութեր, որոնք կարող են աղտոտել մթնոլորտը: China Dailly թերթը դիտարկման ծառայության վրա հղումով հայտնեց, որ օդի աղտոտման մակարդակն աղետի շրջանում վերջին 24 ժամում կտրուկ բարձրացել է: Այնուամենայնիվ Տյանձինի տեղական իշխանությունները դեռ օդի աղտոտման տագնապ չեն հայտարարել: