AM
18 Օգոստոս 2015 - 07:01 AMT

Չինաստանում ձերբակալվել է թունավոր նյութերի պահեստի սեփականատեր ընկերության ղեկավարությունը

Չինաստանում ձերբակալվել է Տյանձինի թունավոր նյութերի պահեստի սեփականատեր հանդիսացող Ruihai Logistics ընկերության նախագահը, ինչպես նաև նրա տեղակալը, հայտնել է «Ժեմին ժիբաո» թերթը:

Օգոստոսի 12-ին Չինաստանի ժամանակով 23:30-ին 2 հզոր պայթյուն որոտաց Ruihai International Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ թունավոր նյութեր են պահվում: Պայթյունն այնպիսի հզորության է եղել, որ այն գրանցել է նույնիսկ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Հզորությունը հավասարազոր է եղել 3 և 21 տոննա տրոտիլի:

«Ընկերության վարչության նախագահ Սյուէ Վեյը, վարչության փոխնախագահ Դուն Շեսյուանը, ընդհանուր առմամբ 10 մարդ, ձերբակալվել էր արդեն օգոստոսի 13-ի առավոտյան»,-ասվում է թերթի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Վերջին տվյալներով զոհվել է 114 մարդ, 70-ը համարվում է անհետ կորած, ևս 698-ը հիվանդանոցներում է:

ՉԺՀ Պետական խորհուրդը օգոտոսի 18-ին հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ստեղծել, որը զբաղվելու է տեխնածին աղետի պատճառների հետաքննությամբ:

Ըստ հայտարարության, որը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը, աշխատանքային խումբն արդեն սկսել է հետաքննությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, « մեղավորները շատ խիստ կպատժվեն»: Խումբը գլխավորել է Չինաստանի հանրային անվտանգության նախարարի տեղակալ Յան Հունանինը:

Մինչդեռ, ձերբակալման պահին 4 մարդ եղել է հիվանդանոցում, ևս 6-ը ձերբակալվել է քրեական հանցագործություն կատարելու մեղադրանքով:

Աղետի պատճառը հայտնի չէ, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ կարող էին լինել ընկերության անվտանգության համակարգում` ղեկավարությունն արդեն ձերբակալված է: Ըստ ԶԼՄ-ների, ևս մի քանի տասնյակ հրշեջ համարվում է անհայտ կորած: Բազում պայթյուններ են հնչել արդեն այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները, ինչը նոր զոհերի պատճառ է դարձել: Ըստ CCTV հեռուստաալիքի, առնվազն մեկ շենք փլվել է, ևս մի քանի տասնյակ շինություն վնասվել է: Համալիրը շրջափակված է, երկաթուղային երթևեկությունը վթարի շրջանում դադարեցված է: Անվտանգության նկատառումներով փակվել են նաև ավտոլցակայանները:

Կոյուղաջրերի որակի դիտարկման 17 կայանները պայթյունի գոտում գրանցել են նատրիումի ցիանիդի մակարդակի աճ, կայաններից մեկը գրանցել է, որ նորման գերազանցված է 27,4 անգամ: Այդ մասին հայտնել է շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային դեպարտամենտի գլխավոր ինժեներ Բաո Ցզինպինը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թունավոր նյութերի տարածման սպառնալիքի պատճառով իշխանությունները սկսել են տարհանել տեղի բնակիչներին: Պայթյունի վայր էին ժամանել զինվորականները քիմպաշտպանության հանդերձանքով, որոնք որոնելու են ողջ մնացածներին: