ՀՀ կառավարությունը օգոստոսի 18-ի նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014-ի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Նախագիծը նախապես ընդունվել է ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից:
Համաձայնագրի նպատակն է կապիտալի ազատ տեղաշարժն ապահովելու համար ֆինանսական շուկաներում պայմաններ ստեղծելը:
Համաձայնագրի առարկան այն հարաբերություններն են, որոնք ծագում են մեկ անդամ պետության լիազոր մարմինների՝ մեկ այլ անդամ պետության լիազոր մարմինների հետ տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանակման մասով փոխգործակցության շրջանակներում։ Լիազոր մարմինները տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանակումն իրականացնում են՝ հաշվի առնելով դրանց օգտագործման և տարածման կարգին անդամ պետությունների օրենսդրությամբ ներկայացվող պահանջները։
ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը:






