Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներում գտնվող հյուրանոցները հրաժարվել են ամրագրումից, գրել է թուրքական Milliyet-ը Թուրքիայի Զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի վրա հղումով: Ամրագրումից հրաժարվելու պատճառը անկայուն քաղաքական իրավիճակն է երկրում, գրում է Trend.az-ը:
Ավելի վաղ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը հայտնել էր, որ 2015- երկրորդ եռամսյակում Թուրքիայի եկամուտները զբոսաշրջությունից կտրուկ նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Թուրքիայի եկամուտները կրճատվել են 13,8 տոկսով` կազմելով 7,733 մլրդ դոլար:
2014-ին Թուրքիայի եկամուտները զբոսաշրջությունից կազմել էին 34, 305 մլրդ դոլար, ինչը 6,2 տոկոսով ավելի էր, քան 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:
Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր: Ամեն օր բախումներ են լինում թուրք ոստիկանների և քուրդ զինյալների միջև:






