Երբեմնի հաջողակ գործարար, հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դատարանի որոշմամբ սնանկ են ճանաչվել։ Դատարան են դիմել իր աշխատողները, քանի որ մի քանի ամիս չի կարողացել աշխատավարձ տալ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Փող որտեղի՞ց բերեմ, տամ, եթե ես ասեմ, որ շրջանառու միջոցներս կազմում էր հարյուր միավոր, եթե ես այսօր ունեմ ընդամենը հինգ միավոր և չունեմ վճարելու ոչինչ՝ այս ամբողջ 10,5 հեկտար տարածքը սպասարկելու ոչ մի բան, անգամ ավելի փող չունեմ, որ ավել առնեմ տամ հավաքարարներին, որ տարածքը մաքրեն, համոզե՞մ՝ մի՛ սնանկացրեք։ Եթե ես պարտքեր ունեմ, պարտատերերը դիմել են դատարան, բա պետք է սնանկանամ, բա ի՞նչ պետք է անեմ», – ասաց Աղաբաբյանը։
Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ. հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց և մոտ 60 միլիոն դրամով տուգանեց հարկային պարտավորություններից խուսափելու համար։
«Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ վերջերս բացեց «Առինջ մոլ»-ը, որից հետո Աղաբաբյանին պատկանող տոնավաճառից շատ առևտրականներ տեղափոխվեցին Ծառուկյանի տոնավաճառ, քանի որ այնտեղ տարածքն անվճար էր հատկացվում։ Արդյունքում պատգամավորի եկամուտը շեշտակի նվազեց։
Հանրապետական Աշոտ Աղաբաբյանի խոսքով, Հայաստանի ամենամեծ մարզադաշտը՝ «Հրազդան»-ը առաջիկա երեք տարիներին թերևս չի գործի՝ սպասարկող անձնակազմի բացակայության պատճառով։ Նա պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել, որով առաջիկա տարիներին կմարի աշխատողների պարտքերը, իսկ մարզադաշտը կմնա իր սեփականությունը։
«Հրազդան» մարզադաշտը բացվել է 1971 թվականին: «Հրազդան» մարզադաշտը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 1970-1971թ., Հրազդան գետի լանջին, որից էլ փաստացի ստացել է իր անունը։ Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել մայիսի 19, 1971 թ.։ Խորհրդային ժամանակներում խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ողջ Խորհրդային Միությունում։ Հենց այս մարզադաշտում «Արարատ» թիմի ֆուտբոլասերները ականատես եղան ակումբի հաղթանակներին, ինչը հանգեցրել է 1973 թվականին գավաթի հաղթանակի։
Տարողությունը՝ 53600, այդ թվում Յարուս՝ 16900, Հյուսիսային տրիբունա՝ 11750, Հարավային տրիբունա՝ 11750, Արևմտյան տրիբունա՝ 8100, Արևելյան տրիբունա՝ 5100։






