Մոտ 50 փախստական գրոհել է ոստիկաններին Գերմանիայի Թյուրինգիայի դաշնային շրջանում, բախման հետևանքով 13 մարդ վիրավորվել է, հայտնում է գերմանական Focus գործակալությունը, ոստիկանության վրա հղումով:
Ըստ Էրֆուրտ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչների, անկարգությունները սկսվել են օգոստոսի 19-ի երեկոյան Զուլ քաղաքի փախստականների համար նախատեսված ապաստարանում, երբ միգրանտներից մեկը սկսել է պատռել Ղուրանի էջերը` ագրեսիա հրահրելով այլ մոտ 20 փախստականների մոտ: Ավելի ուշ նրանց է միացել ևս 30 փախստական:
Ներգաղթյալների կրոնական զգացմունքները վիրավորած մարդը փորձել է պատսպարվել պահակակետում, սակայն կատաղած ամբոխը հետապնդել է նրան: Շուտով իրադարձությունների վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և շեղել են ամբոխի ուշադրությունը: Փախստականները սկսել են ոստիկանների վրա քարեր նետել, ոմանք զինվել են երկաթե ձողերով: Ինչպես նշում է պաբերականը, միջադեպի արդյունքում առնվազն 3 ոստիկան է տուժել:
Բախումը մոտ 4 ժամ է տևել: Ոստիկաններ են ներգրավվել նաև մոտակա քաղաքներից: Բախումների հետևանքով տուժել են ոչ միայն ոստիկանները, վնասվել է նաև նրանց ծառայողական տրանսպորտը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ընթացիկ տարում եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ:Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է նա: Եվրահանձնակատարը նշել է, որ ինչպես և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում:
Ապօրինի ներգաղթյալների քանակը Եվրոպայում տարբեր գնահատականներով 5-7 միլիոնի է հասնում: Ապօրինի միգրանտների հիմնական հոսքն ընդունում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան: Այդ երկրներից յուրաքանչյուրում 1-1,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա, ամեն տարի նրանց թիվն աճում է մոտ 100 հազարով:
Մինչդեռ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Կալե քաղաքում ապօրինի ներգաղթի դեմ պայքարի համատեղ կենտրոն կբացեն, հայտնել է Sky News-ը:
Կենտրոնի հիմնական նպատակը լինելու է «կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների հայտնաբերումն ու միգրանտների ապօրինի ներհոսքի կասեցումը հյուսիսային Ֆրանսիա, որտեղից նրանք Լա Մանշով անցնում են Մեծ Բրիտանիա:






