Եվրամիությունը խորապես մտահոգված է հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու` Արիֆ Յունուսի հանդեպ կայացված դատավճռով:
Եվրամիության Գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի այս կապակցությամբ արված հայտարարության մեջ ասվում է. «Իրավական գործընթացներն այս գործով անցել են լուրջ թերություններով, հայտնում են միջազգային դիտորդները: Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեյլա և Արիֆ Յունուսներին, իսկ նրանց գործը վերանայել` թափանցիկ և արդարացի կերպով», հայտնում է contact.az-ը:
Օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ Լեյլա Յունուսին հետազոտել է գերմանական «Շարիտե» կլինիկայի բժիշկ, պրոֆեսոր Քրիստիան Վիտը: Դրանից հետո Յունուսը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի բուժմաս, որտեղ էլ այժմ բուժում է ստանում:
Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով: Օգոստոսի 13-ի նիստի ժամանակ կտրուկ վատացել էր Արիֆ Յունուսի առողջական վիճակը: Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների՝ ամուսիններն ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։ Իշխանությունները պնդում են, թե վերջերս բժիշկները հետազոտել են ամուսիններին և հաղորդել, որ նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում:
Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովը տեղեկացրել է, պաշտպանական կողմն աշխատում է բողոքարկման վրա։
Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին : «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», – ասել է Շուլցը: Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց:
Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Նա տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։ Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։
Ըստ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի՝ իշխանությունները բացահայտ վրեժ են լուծում Լեյլա Յունուսից, քանի որ նա առանց վախենալու պաշտպանում է քաղբանտարկյալների իրավունքները, քաղաքացիների իրավունքները, որոնց տները քանդում են:
Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:






