Ազգային արժույթի լողացող քաղաքականությանն անցնելու հայտարարությունից հետ Ղազախստանում օգոստոսի 19-ին կտրուկ արժեզրկվեց ազգային արժույթը` տենգեն: Մարդիկ փորձում են փոխանակաել ազգային արժույթը, սակայն ամբողջ Ալմաթիում փոխանակման ընդամենը 1 կետ է աշխատում, որը նույնպես շուտվ փակվելու է, հայտնում է rusdialog.ru-ն:
Օգոստոսի 20-ից Ղազախստանն անցնում է փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականությանը: Ղազախստանի ֆոնդային բորսայում տենգեն նվազել է 26 տոկոսով` 256 տենգե 1 դոլարի դիմաց: Օգոստոսի 18-ին մեկ դոլարն արժեր 188 տենգե: Այսպիսով, մեկ օրում դոլարն աճել է միանգամից 67 տենգեով կամ 35 տոկոսով:
Ղազախստանում անհնար է դարձել դոլար գնելը: Չեն աշխատում առևտրի կենտրոնները, տեխնիկայի առցանց խանութները:
«Այս տարվա արժեզրկումը տարբերվում է նախորդներից նրանով, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչպիսին է լինելու փոխարժեքը: Չեմ կարծում, որ խանութները մեկ շաբաթ չաշխատեն, ուղղակի ամեն օր փոխելու են գնապիտակները»,-ասել է Ղազախստանի ինտերնետ-բիզնեսի և բջջային առևտրի ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Գորոժանկինը:
Աստանայում և Ակտաուում չեն վաճառում ոչ դոլար, ոչ եվրո: Որոշ տեղերում փոխարժեքը սահմանել են 255 տենգե 1 դոլարի դիմաց: Ըստ որոշ տվյալների, որոշ առևտրային բանկերում օգոստոսի 19-ին 1 դոլարը վաճառվել է 259 տենգե փոխարժեքով` դա ավելի քան 60 տենգեով ավելի է, քան օգոստոսի 18-ին:
Ինչպես հայտարարել է վարչապետ Կարիմ Մասիմովը, լողացող փոխարժեքի քաղաքականությունը թույլ կտա լրացնել բյուջեի կորուստները:
Տենգեի արժեզրկումը պայմանավորված է նավթի գների անկումով, որի արտահանումից է մեծապես կախված երկրի տնտեսությունը, ինչպես նաև ռուսական ռուբլու թուլացմամբ:
Գերարժևորված տենգեն նվազեցնում է ղազախ արտադրողների մրցունակությունը, որոնց համար դժվար է դառնում պայքարելը ռուս մրցակիցների հետ, որոնք օգտվում են էժան ռուբլուց, գրում է expert.ru-ն:
Ըստ Stratfor-ի հետազոտության, Ղազախստանի իշխանությունները վախենում են մոտալուտ անկայունությունից նավթային շուկայում: Նավթային ընկերություններն արդեն ստիպված են եղել հարյուրավոր աշխատակիցների ազատել աշխատանքից նավթի ցածր գների պատճառով:
Ինչպես նշել է Bloomberg-ը, նման կտրուկ տատանումներ չեն եղել նախորդ տարվա փետրվարից ի վեր, երբ Ղազախստանի Ազգային բանկը միանգամից 20 տոկոսով արժեզրկեց ղազախական տենգեն:






