Սլովակիան հայտարարել է, որ չի կարող ընդունել մահմեդական ներգաղթյալների հասարակությանն ինտեգրվելու բարդությունների պատճառով: Երկիրը պատրաստ է 200 սիրիացի փախստական ընդունել Եվրամիության քվոտայի շրջանակում, ըստ որի 40.000 փախստական պետք է տեղավորվի Եվրամիության երկրներում, հայտնում է տեղական Topky.sk պարբերականը:
Նշվում է, սակայն, որ միգրանտները պետք է քրիստոնյա լինեն, քանի որ Սլովակիայում մզկիթներ չկան և մահմեդականները չեն կարողանա իրենց ազատ զգալ այդ երկրում:
«Մենք ցանկանում ենք օգնել Եվրոպային միգրանտների հարցում: Մենք կարող էինք 800 մահմեդականի ընդունել, սակայն Սլովակիայում մզկիթներ չկան, ուստի ինչպե՞ս կարող են մահմեդականները ինտեգրվել հանրությանը, եթե նրանց այստեղ դուր չգա»,-ասել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իվանա Մետիկան, հայտնել է The Telegraph-ը:
Սլովակիայի կառավարությունում հայտնել են, որ մտադիր են հարցնել ներգաղթյալներին կրոնական պատկանելության մասին: Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը դժգոհություն է հայտնել այդ առիթով` նշելով, որ այսպիսի գործողությունները խտրականության հատկանիշներ ունեն, հայտնում է podrobnosti.ua-ն:
Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սլովակիայի կայքերից մեկում առաջարկություն է հայտնվել` սպանել միգրանտին 25 եվրոյի դիմաց:
Ընթացիկ տարում եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Գերմանիայի իշխանություններն, օրինակ, մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է նա: Եվրահանձնակատարը նշել է, որ ինչպես և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում:
Ապօրինի ներգաղթյալների քանակը Եվրոպայում տարբեր գնահատականներով 5-7 միլիոնի է հասնում: Ապօրինի միգրանտների հիմնական հոսքն ընդունում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան: Այդ երկրներից յուրաքանչյուրում 1-1,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա, ամեն տարի նրանց թիվն աճում է մոտ 100 հազարով:
Մինչդեռ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Կալե քաղաքում ապօրինի ներգաղթի դեմ պայքարի համատեղ կենտրոն կբացեն, հայտնել է Sky News-ը:






