Չինական Տյանձինում տեղի ունեցած տեխնածին աղետի հետևանքով ցիանիդի պարունակությունը ջրում 356 անգամ գերազանցում է նորման, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` շրջակա միջավայրի պահպանության քաղաքային վարչության հայտարարության վրա հղումով:
Օգոստոսի 12-ին Չինաստանի ժամանակով 23:30-ին 2 հզոր պայթյուն է որոտացել Ruihai International Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ թունավոր նյութեր են պահվում: Պայթյունն այնպիսի հզորության է եղել, որ այն գրանցել է նույնիսկ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Հզորությունը հավասարազոր է եղել 3 և 21 տոննա տրոտիլի:
Ինչպես հայտնել են իշխանությունները, քիմիական նյութեր են հայտնաբերվել պայթյունի վայրից ոչ հեռու ցանկապատված տարածքի 25 կետում ջրի նմուշառման արդյունքում: «Ցիանիդի պարունակությունը գերազանցված է 8 կետում, ամենաբարձր ցուցանիշը նորման գերազանցում է 356 անգամ»,-ասվում է վարչության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թունավոր նյութերի տարածման սպառնալիքի պատճառով իշխանությունները սկսել են տարհանել տեղի բնակիչներին: Պայթյունի վայր էին ժամանել զինվորականները քիմպաշտպանության հանդերձանքով, որոնք որոնելու են ողջ մնացածներին:
Ավելի վաղ Սինհուա գործակալությունը հայտնեց, որ Ruihai Logistics ընկերությունը, որին պատկանում է պահեստը, գրանցված է կողմնակի անձանց անունով: Ընկերության ղեկավարությունը ապօրինի արտոնագրեր է ստացել հրշեջներից և բնապահպանական մարմիններից: Ընկերության ողջ ղեկավարությունը ձերբակալված է:
Տյանձինի թունավոր նյութերի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է 114 մարդ, անհայտ կորել է 70-ը, ևս 698-ը` տեղափոխվել է հիվանդանոց:
Աղետի պատճառը հայտնի չէ, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ կարող էին լինել ընկերության անվտանգության համակարգում` ղեկավարությունն արդեն ձերբակալված է: Ըստ ԶԼՄ-ների, ևս մի քանի տասնյակ հրշեջ համարվում է անհայտ կորած: Բազում պայթյուններ են հնչել արդեն այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները, ինչը նոր զոհերի պատճառ է դարձել: Ըստ CCTV հեռուստաալիքի, առնվազն մեկ շենք փլվել է, ևս մի քանի տասնյակ շինություն վնասվել է: Համալիրը շրջափակված է, երկաթուղային երթևեկությունը վթարի շրջանում դադարեցված է: Անվտանգության նկատառումներով փակվել են նաև ավտոլցակայանները:






